• Latest news

Իմացեք, որ Ուռուցքաբանության կենտրոնը դռները բացել, սպասում է ձեզ. մասնագետը՝ ՍԱՏՄ-ի մշտադիտարկման արդյունքների մասին

19 ապրիլի, 2024  16:45

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) 2019-2021 թվականների մշտադիտարկման արդյունքների մասին հայտարարությունը խայտառակություն է ոչ միայն արձանագրված խախտումների առումով, այլև նրանով, որ այն հրապարակվել է ուսումնասիրությունից երեք տարի անց։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը՝ մեկնաբանելով ՍԱՏՄ հայտարարությունն այն մասին, որ այդ մշտադիտարկման արդյունքում հայաստանյան մշակաբույսերում անթույլատրելի քանակի թունաքիմիկատներ են հայտնաբերվել։

«Երեսունչորս անուն թունաքիմիկատներ են հայտնաբերել։ Ինչու՞ են երեք տարի անց հայտնում արդյունքների մասին, երբ մարդիկ արդեն կերել են այդ մթերքը: Լիազոր մարմինն այս հայտարարությամբ հայտարարեց՝ ՀՀ հարգելի քաղաքացիներ, դուք հաշվեք, որ ես ձեր կյանքում չկամ, որովհետև չի կարելի երեք տարի անց նման հայտարարություն անել, սա ինքնախոստովանական ցուցմունք է հանցավոր անփութության մասին»,- նշեց նա։

Գիտնականը պարզաբանեց, որ թունաքիմիկատները կարող են ունենալ քաղցկեղածին ազդեցություն, դրանք խիստ կարևոր, վերահսկողության ենթակա նյութեր են: «Հատկապես ամռանը մեզ մոտ միրգ և բանջարեղեն մեծ քանակությամբ է օգտագործվում: Սպառողների 80 տոկոսը լոլիկով և վարունգով աղցան շաբաթվա մեջ 4-5 անգամ է օգտագործում, գրեթե ամեն օր: Հետևապես, դրանց անվտանգությունը մի երկրում, որտեղ ամռանը միրգն ու բանջարեղենն էժանանում են, և մարդիկ սկսում են մեծ քանակությամբ օգտագործել, կարևոր նշանակություն ունի»,- ասաց նա։

Դավիթ Պիպոյանը նշեց, որ Հայաստանում սննդամթերքի լաբորատոր փորձաքննություն իրականացվում է, սակայն այն շատ թանկ է, և ոչ ոք չի տանի իր տան լոլիկը ստուգելու։ Պտուղ-բանջարեղենն իրացվում է գրեթե առանց վերահսկողության։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ ամենաշատ խախտում հայտնաբերվել է խաղողի 24 նմուշներում։

«Եթե վիճակագրորեն դա ասեմ, քանի որ ես լաբորատոր փորձաքննությունների գները գիտեմ, կարող եմ ասել, որ վստահաբար նրանք խաղողի 240 նմուշ չեն ունեցել: Եթե ենթադրենք, որ 100 նմուշ են ունեցել և 24-ում հայտնաբերել են խախտում, ստացվում է, որ ՀՀ-ում խաղողի 24 տոկոսում մնացորդային մոնիթորինգային նյութը գերազանցում է թույլատրելի շեմը։ Իսկ դուք գիտե՞ք, թե հայերը ինչ քանակությամբ են խաղող օգտագործում, ինչպես են օգտագործում, հետո դա գնում է նաև վերամշակման՝ գինի, կոնյակ և այլն։ Սա անպատասխանատու հայտարարություն է, որովհետև այդ ձևով ռիսկը չի հաղորդակցվում,  դա ոչինչ չասող հաղորդակցում է»,- ասաց նա՝ հավելելով, որ փաստացի խոսքը վտանգավոր սննդամթերքի մասին է, որը ՍԱՏՄ-ն պետք է շուկայից հավաքեր և թույլ չտար դրա օգտագործումը։  

Ըստ գիտնականի՝ ստացված արդյունքների ռիսկը գնահատելու համար պետք է ուսումնասիրել հայաստանցիների սննդակարգը, բայց ՍԱՏՄ-ն այդպիսի ուսումնասիրություն անելու լիազորություն չունի։ Օրենքով Կառավարությունը պետք է նշանակի որևէ գիտական կենտրոն, որն էլ պետք է իրականացնի այդ հետազոտությունը, բայց Կառավարությունը նման որոշում չի կայացրել։

«Ես, օրինակ, գիտեմ՝ ինչ հաճախականությամբ են օգտագործում լոլիկ, վարունգ, խաղող, ձմերուկ և այլն, և ինչ գրամներով: Այստեղ շատ կարևոր առանձնահատկություն կա, օրինակ, եթե դուք կարդաք մեր հետազոտությունը, կտեսնեք, որ ձմերուկի օրական սպառումը միջինը 40-50 գրամ է: Բայց ինչպե՞ս է ստացվել այդ 40-50 գրամը: Մարդիկ երեք ամսվա ընթացքում կերել են ավելի մեծ քանակությամբ, դա պետք է բաժանենք ամբողջ տարվա վրա: Եթե միայն ամառվա ցուցանիշը նայեք, կտեսնեք՝ օրական 150-160 գրամ: Այդ քանակությամբ պտղի մեջ եթե թունաքիմիկատ եղավ, համարեք, որ ուռուցքաբանության կենտրոնը դռները բացել, սպասում է ձեզ: Չկարծեք թե թունաքիմիկատների և Հայաստանում քաղցկեղի թվի միջև կապ չկա»,- նկատեց մասնագետը։

Խոսելով այն մասին, թե ինչ պետք է անել այս իրավիճակում՝ Դավիթ Պիպոյանը նշեց, որ կան տարբեր մարմիններ, որոնք իրենց գործը չեն անում։ «Առաջինը, բնականաբար, Կառավարությունն է, որովհետև չկա նշանակված ռիսկի գնահատման գիտական կենտրոն, այսինքն՝ ամեն օր օրենսդրությունը խախտվում է: Երկրորդը, բնականաբար, լիազոր մարմինն է, որովհետև երբ ամեն տարի մշտադիտարկում է անում և հայտնաբերում է խախտումներ, հետագծելիության սկզբունքով պետք է գնա կասեցնի և շրջանառությունից հանի այս մթերքը, որովհետև հետազոտության իմաստը երեք տարի հետո հասարակությանը ասելը չէ, որ երեք տարի է դուք թունավորվել եք»,- ասաց սննդի անվտանգության մասնագետը։

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է