Սննդի մեջ աղի, շաքարի, ճարպի եւ զտված ածխաջրերի երկու շաբաթվա ավելցուկը օրգանիզմում բորբոքում է առաջացնում՝ թուլացնելով իմունային պատասխանը պաթոգեններին: Այս եզրակացություններին են հանգել Ռադբաուդի համալսարանի բժշկական կենտրոնի (Նիդեռլանդներ) գիտնականները Տանզանիայի գործընկերների հետ միասին։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Medicine (NatMed) ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել են 77 առողջ տղամարդիկ Տանզանիայի քաղաքային եւ գյուղական շրջաններից: Մասնակիցների առաջին խումբը նախկինում հավատարիմ է եղել ավանդական աֆրիկյան սննդակարգին, այնուհետեւ 14 օր անցել է «արեւմտյան» դիետայի։ Երկրորդ խումբը, ընդհակառակը, փոխել է իր սննդակարգը՝ արեւմտյանից անցնելով ավանդականի։ Երրորդ խումբը ամեն օր խմել է բանանի ֆերմենտացված ըմպելիք՝ շարունակելով հետեւել կանոնավոր սննդակարգին, մինչդեռ չորրորդը հանդես է եկել որպես վերահսկիչ խումբ:
Գիտնականները հետեւել են մասնակիցների առողջական վիճակի փոփոխություններին փորձի սկզբում, դրա սկսվելուց երկու շաբաթ եւ ավարտից մեկ ամիս անց: Արդյունքները ցույց են տվել, որ արեւմտյան սննդակարգին անցնելը մեծացրել է օրգանիզմում բորբոքային սպիտակուցների մակարդակը փորձարկվողների մոտ, նվազեցրել իմունային պատասխանի արդյունավետությունը եւ ակտիվացրել քրոնիկական հիվանդությունների հետ կապված պրոցեսները։
Ընդհակառակը, մասնակիցները, որոնք հետեւել են ավանդական աֆրիկյան դիետային կամ օգտագործել են ֆերմենտացված ըմպելիք, բորբոքման ավելի ցածր մակարդակ են ունեցել: Որոշ դրական ազդեցություններ պահպանվել են նույնիսկ միջամտության ավարտից չորս շաբաթ անց, ինչը ենթադրում է նույնիսկ կարճաժամկետ դրական սննդակարգի փոփոխությունների երկարաժամկետ ազդեցություն:
«Ավելի վաղ կատարված ուսումնասիրությունները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել էին ճապոնական կամ միջերկրածովյան սննդակարգի վրա: Բայց նաեւ շատ բան կա սովորելու աֆրիկյան ավանդական սննդակարգից, որը հարուստ է բանջարեղենով, մրգերով, հատիկեղենով եւ ընդեղենով, ամբողջահատիկ ձավարեղենով եւ ֆերմենտացված մթերքներով»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, թերապեւտ Քվիրիյն դը Մաստը:
Դը Մաստը նշել է, որ արեւմտյան սննդակարգն աչքի է ընկնում մեծ կալորիականությամբ մթերքների բարձր պարունակությամբ (ինչպիսին են տապակած կարտոֆիլը կամ սպիտակ հացը), աղի ավելցուկով, զտված շաքարով եւ հարստացված ճարպերով։ Նման սնունդն առաջ է բերում բորբոքում, որն ընկած է շատ հիվանդությունների հիմքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day