• Latest news

Բժիշկները պայքարում են 56–ամյա տղամարդու անդամահատված ձեռքը փրկելու համար

2 նոյեմբերի, 2014  14:30

Երեւանի «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում պայքարում են 56–ամյա տղամարդու ամբողջությամբ անդամահատված ձեռքը փրկելու համար։  Արտակարգ դեպքը տեղի է ունեցել նախօրեին, նոյեմբերի 1–ին, ռեպլանտացիայի վիրահատությունը տեւել է մոտ 12 ժամ։ Այս պահին, ինչպես NEWS.am Medicine–ին հաղորդեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը, տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների աչալուրջ հսկողության տակ։

Գլխավոր բժշկի պարզաբանմամբ, նոյեմբերի 1–ին առավոտյան ժամը 10–ին Արգավանդից հիվանդանոց է բերվել 56–ամյա մի տղամարդ, որի մոտ արտադրական տրավմայի պատճառով տեղի էր ունեցել աջ վերին վերջույթի ուսահոդի շրջանից անդամահատում։  Անդամահատված ձեռքը, որը բերվել է առանձին փաթաթված, լուրջ վնասված էր՝ հյուսվածքները ճզմված էին, բազկի եւ նախաբազկի ոսկրերը՝ կոտրված։ Վերքի բնույթից ելնելով, բժիշկը նշել է, որ տղամարդու ձեռքն, ամենայն հավանականությամբ, մնացել է ինչ որ աշխատող մեխանիզմի տակ, բայց արտակարգ պատահարի մասին ավելի ստույգ տեղեկություն նա չունի։

Հետաքրքիրն այն է, որ տղամարդը մեքենայից դուրս է եկել եւ մտել հիվանդանոց իր ոտքով, ինչն ընդունարանի բժիշկների զարմանքն է հարուցել։ 12 րոպե անց տղամարդն արդեն վիրահատարանում էր։

Ռեպլանտացիան իրար փոխարինելով կատարել են ռեանիմատոլոգների, միկրովիրաբույժների, անոթային վիրաբույժների եւ տրավմատոլոգների մի քանի բրիգադներ։ Փուլ առ փուլ վերականգնվել են  վերջույթի հիմնական մագիստրալ զարկերակների եւ երակների ամբողջականությունը, երեք հիմնական նյարդերի ամբողջականությունը, ինչի համար մակերեսային ոչ այդքան կարեւոր նյարդերից մի հատված է հանվել եւ փոխպատվաստվել, այնուհետեւ վերականգվել է մկանների եւ մաշկային ծածկույթի ամբողջականությունը։ Այժմ «ձեռքը գտնվում է տաք վիճակում, անոթազարկը ծղիկային եւ ճաճանչային զարկերակի վրա շոշափվում է»։

Ըստ գլխավոր բժշկի գնահատականի, ամեն հնարավորն արվել է հիվանդի կյանքը եւ ձեռքը փրկելու համար, բայց առջեւում դեռ երկար աշխատանք կա եւ նոր փորձություններ կարող են լինել։ «Կարելի է ասել, որ պայքարը հիվանդի կյանքի համար սկսվել է այն պահից, երբ մենք նրան վիրահատարանից դուրս ենք բերել», – ասաց նա եւ պարզաբանեց, որ կա դեռ «Քրաշ սինդրոմի» վտանգը, երբ ճզմված հյուսվածքները սկսում են տոքսիններ արտադրել: Հատուկ այս հիվանդի համար դիալիզի ապարատ է նախապատրաստվել հարկ եղած դեպքում կիրառելու համար, թեպետ այս պահին հիվանդի  ֆունկցիոնալ ցուցանիշներն այն բանի մասին են վկայում, որ նրա երիկամները ինքնուրույն կարողանում են հաղթահարել այս խնդիրը։

Ինչ վերաբերում է ձեռքի ֆունկցիոնալ վերականգնմանը, ապա ըստ Ռ. Կուրղինյանի, դա հետագայի հարց է, դեռ երկար վերականգնողական աշխատանք պիտի տարվի, իսկ այս պահին բժիշկները լուծում են մարդու կյանքը եւ վերջույթը փրկելու խնդիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել