Ուղեղի իմունային բջիջներն (միկրոգլիա) ի վիճակի են սրել Ալցհայմերի հիվանդությամբ տառապող կանանց նեյրոնային վնասումը։ Նման եզրակացության են հանգել Ռոչեսթերի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Neuroinflammation (JNl) բժշկագիտական հանդեսում:
Ալցհայմերի հիվանդությունը կապված է ուղեղում ամիլոիդային վահանիկների՝ բետա-ամիլոիդ սպիտակուցի կպչուն կույտերի կուտակման հետ։ Միկրոգլիան ճանաչում է այդ վահանիկները և փորձում է հեռացնել դրանք, սակայն դա անելիս՝ կարող է բորբոքային գործընթացներ առաջացնել։
Հետազոտողները պարզել են, որ էգ մկների շրջանում, ամիլոիդի ազդեցության տակ, միկրոգլիան ավելի ակտիվորեն գործարկում է սովորաբար հակավիրուսային պաշտպանության մեջ ներգրավված մոլեկուլների՝ ինտերֆերոնին առնչվող գեները։
Թեև ինտերֆերոնները կարևոր են իմունային պատասխանի համար, նախկինում փորձը ցույց է տվել, որ դրանց չափազանց ակտիվացումը ուղեղում ի վիճակի է մեծացնել բորբոքումը և վնասել սինապսները՝ նեյրոնների միջև կապերը։ Գիտնականները ենթադրում են, որ երբ միկրոգլիան մարդկանց և մկների շրջանում տալիս ամիլոիդային վահանիկներ է կուլ, նրանք կարող են հանդիպել ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի բեկորների և սխալմամբ դրանք վիրուսային սպառնալիք ընկալել, և գործարկել ինտերֆերոնի արձագանքը։
Բացի դրանից, հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց շրջանում միկրոգլիան ավելի մեծ, ավելի ատամնավոր ամիլոիդային վահանիկներ է թողնում, որոնք ավելի շատ նյարդային կապեր են ոչնչացնում, քան տղամարդկանց ուղեղում։
«Զարմանալի էր տեսնել՝ կանանց շրջանում որքան ուժեղ է միկրոգլիան արձագանքում ինտերֆերոնին և միաժամանակ ավելի շատ բետա-ամիլոիդ է կուլ տալիս»,- ասում է հետազոտության առաջին հեղինակ Կալցինաս-Ռոդրիգեսը։
Միևնույն ժամանակ գիտնականները այս ազդեցությունների և հորմոնալ տատանումների միջև փոխադարձ կապ չեն գտել, ինչը վկայում է ավելի խոր սեռային տարբերությունների մասին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day