• Latest news

Տուբերկուլոզի դեմ 1920-ականների պատվաստանյութը խոստումնալից արդյունքներ է ցուցաբերել դիաբետի հետազոտության մեջ

10 հունիսի, 2026  12:20

Ավելի քան մեկ դար առաջ տուբերկուլոզի կանխարգելման համար մշակված պատվաստանյութը կարող է օգնել դիաբետի որոշ տեսակներ ունեցող մարդկանց ավելի լավ վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել ինսուլինի պահանջը։ Այս մասին են վկայում կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլի արդյունքները։

Խոսքը ԲՑԺ (BCG - Bacillus Calmette–Guérin) պատվաստանյութի մասին է, որը ստեղծվել է 20-րդ դարի սկզբին՝ խոշոր եղջերավոր անասունների մոտ տուբերկուլոզ առաջացնող բակտերիայի թուլացված շտամի հիմքի վրա։ Թեև ի սկզբանե դեղամիջոցը նախատեսված էր տուբերկուլոզից պաշտպանվելու համար, վերջին տարիներին գիտնականներն ուսումնասիրում են դրա հնարավոր արդյունավետությունը տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի, Ալցհեյմերի հիվանդության և աուտոիմուն խանգարումների բուժման գործում։

Նոր Օռլեանում կայացած Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի ամենամյա համաժողովի ժամանակ հետազոտության արդյունքները ներկայացրել է Մասաչուսեթսի ընդհանուր հիվանդանոցի մասնագետ Դենիզ Ֆաուստմանը։ Նրա խոսքով՝ ԲՑԺ պատվաստանյութը կարող է նպաստել դիաբետի աուտոիմուն ձևեր ունեցող հիվանդների մոտ գլյուկոզայի մակարդակի ավելի լավ վերահսկմանը։ Այս հիվանդությունների (ներառյալ 1-ին տիպի դիաբետի) դեպքում իմունային համակարգը սխալմամբ հարձակվում է էնդոկրին համակարգի ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների վրա, որոնք արտադրում են ինսուլին։

Գիտնականներն ուսումնասիրել են պացիենտների երկու խումբ՝ մարդկանց, ում մոտ 1-ին տիպի դիաբետը զարգացել է վաղ տարիքում (մինչև 21 տարեկան), և մեծահասակների լատենտ (թաքնված) աուտոիմուն դիաբետով (LADA) հիվանդներին, որը սովորաբար ի հայտ է գալիս 30 տարեկանից հետո։ Երկու խմբում էլ ԲՑԺ պատվաստումը կապված է եղել ինսուլինի պահանջի նվազման հետ։

Հետազոտությանը մասնակցել է LADA ունեցող 95 մարդ։ Նրանցից 68-ը հինգ տարվա ընթացքում ստացել է ԲՑԺ-ի վեց դեղաչափ, իսկ մնացածը՝ պլացեբո (չեզոք նյութ)։ Թեև պատվաստանյութը չի հանգեցրել արյան մեջ շաքարի մակարդակի զգալի նվազման, պատվաստված մասնակիցների մոտ ինսուլինի միջին պահանջը նվազել է գրեթե 3%-ով։ Իսկ պլացեբոյի խմբում, ընդհակառակը, նույն ժամանակահատվածում ինսուլինի պահանջն աճել է մոտ 22%-ով։

Հետազոտողները ենթադրում են, որ ԲՑԺ-ի իմունամոդուլացնող (իմունիտետը կարգավորող) ազդեցությունն օգնում է պահպանել ինսուլին արտադրող բետա-բջիջների գործառույթը՝ դանդաղեցնելով դրանց քայքայումն ու աուտոիմուն գործընթացի առաջխաղացումը։

Փորձագետների խոսքով՝ ստացված տվյալները համապատասխանում են կենդանիների վրա կատարված ավելի վաղ հետազոտությունների արդյունքներին, որոնք ցույց էին տվել, որ ԲՑԺ-ն ընդունակ է կանխել կամ ճնշել 1-ին տիպի դիաբետի զարգացումը։ Թեև այս ազդեցությունը հաստատելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ, գիտնականներն արդյունքները հուսադրող և պոտենցիալ կարևոր են համարում աուտոիմուն դիաբետի ապագա բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll