• Latest news

Դստեր հարսանիքը քիչ էր մնում ինֆարկտի հասցներ մորը. կնոջ մոտ «երջանիկ սրտի» համախտանիշ են հայտնաբերել

21 օգոստոսի, 2026  08:46

Կատարի 65-ամյա բնակչուհին հոսպիտալացվել է սրտամկանի ինֆարկտի ախտանշաններով, սակայն հետազոտությունը բացահայտել է անսպասելի պատճառ՝ «կոտրված սրտի» համախտանիշ, որն առաջացել է ուրախալի իրադարձության հետևանքով, գրում է Live Science-ը:

Մի քանի ամիս կինը պարբերաբար կրծքավանդակի ցավեր է ունեցել, սակայն սրտի նախորդ հետազոտությունները որևէ խնդիր չեն հայտնաբերել: Դստեր հարսանիքից հետո, երեք օրվա ընթացքում, նրա մոտ ուժեղացել են կրծքավանդակի ցավերն ու հևոցը, հատկապես՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Էլեկտրասրտագրությունը ցույց է տվել սրտի էլեկտրական ակտիվության փոփոխություններ, իսկ արյան անալիզը բացահայտել է տրոպոնինի բարձր մակարդակ. սա սպիտակուց է, որն արյան մեջ է անցնում սրտամկանի վնասման ժամանակ: Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ ձախ փորոքի կծկողականությունը կտրուկ նվազել է. արտամղման ֆրակցիան հինգ ամիս առաջվա 58%-ից իջել է 35%-ի: Ընդ որում, ձախ փորոքի գագաթն ունեցել է բնորոշ արտափքվածություն:

Բժիշկները ենթադրել են, որ դա ինֆարկտ է, և անգիոգրաֆիա են անցկացրել, սակայն զարկերակներում զգալի խցանումներ չեն հայտնաբերվել: Սրտի ՄՌՏ-ն նույնպես ինֆարկտի կամ հյուսվածքների անդառնալի վնասման նշաններ չի արձանագրել:

Արդյունքում պացիենտի մոտ ախտորոշվել է Տակոցուբո կարդիոմիոպաթիա, որը հայտնի է որպես «կոտրված սրտի» համախտանիշ: Այս վիճակում սրտամկանը ժամանակավորապես թուլանում է և փոխում ձևը, ինչի պատճառով ախտանշանները կարող են գրեթե չտարբերվել ինֆարկտից:

Սովորաբար համախտանիշն առաջանում է ուժեղ էմոցիոնալ ցնցումից հետո, օրինակ՝ հարազատ մարդու մահվան, ծանր ախտորոշման կամ այլ սթրեսային իրադարձության պատճառով: Համարվում է, որ սթրեսի հորմոնների, այդ թվում՝ ադրենալինի կտրուկ արտանետումը ժամանակավորապես խախտում է սրտամկանի աշխատանքը:

Այնուամենայնիվ, 65-ամյա կնոջ դեպքում պատճառը ոչ թե վիշտն էր, այլ դստեր հարսանիքի բերկրանքը: Նման հազվադեպ վիճակն անվանում են «երջանիկ սրտի» համախտանիշ. սա Տակոցուբո կարդիոմիոպաթիայի տեսակ է, որի դեպքում ուժեղ դրական էմոցիաներն ակտիվացնում են նույն ֆիզիոլոգիական սթրեսային մեխանիզմները, ինչ բացասականները:

Կնոջը նշանակվել է սրտային անբավարարության դեպքում կիրառվող ստանդարտ թերապիա, որից հետո նրա վիճակը կայունացել է: Հաջորդող հետազոտության ժամանակ արտամղման ֆրակցիան վերականգնվել է մինչև 56%՝ գրեթե հասնելով ելակետային մակարդակին:

Տակոցուբո կարդիոմիոպաթիան կազմում է սուր կորոնար համախտանիշի դեպքերի մոտ 1–3%-ը: Ընդ որում, դրական էմոցիաները հանդիսանում են էմոցիոնալ գործոններով պայմանավորված դեպքերի միայն փոքր մասի պատճառը. Տակոցուբոյի միջազգային ռեեստրում դրանք կապված են եղել նման դրվագների մոտ 4,1%-ի հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll