2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել է շուրջ 1,5 միլիոն մարդ, իսկ հետագայում այդ թիվը, ըստ ներկայացված տվյալների, հասել է մոտ 1,8 միլիոնի։
Սակայն ապահովագրության ներդրման առաջին ամիսները ցույց են տվել, որ նոր համակարգը մի շարք լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ Դրանք վերաբերում են ոչ միայն քաղաքացիների ֆինանսական բեռին, այլև բժշկական կազմակերպությունների աշխատանքին, համակարգի կառավարմանը, տարբեր խմբերի համար ծառայությունների հասանելիությանը և ապահովագրական հիմնադրամի ֆինանսական կայունությանը։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Անկախ Փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնք, իր գնահատմամբ, ի հայտ են եկել համակարգի գործարկումից հետո։
Համավճարներ․ ապահովագրված, բայց կրկին վճարող քաղաքացի
Համակարգի ամենասուր խնդիրներից մեկը, ըստ փորձագետի, համավճարների կիրառումն է։
Համավճարի սկզբունքը ի սկզբանե ամրագրված է եղել առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքում, սակայն այդ համավճարները մինչև ազգային ժողովի ընտրությունները կիրառվել են զգուշությամբ։ Բայց հունիսին կայացած ընտրություններից հետո բուժհիմնարկերին լրիվ ազատություն են տվել համավճարների կիրառման հարցում։
Այս փուլում համավճարը, մասնավորապես, վերաբերում է նեղ մասնագետների խորհրդատվություններին։
Մինչև ապահովագրական համակարգի ներդրումը մի շարք նեղ մասնագետների խորհրդատվությունները պոլիկլինիկական համակարգում իրականացվում էին պետական պատվերի շրջանակում և քաղաքացիների համար լրացուցիչ վճար չէին ենթադրում։ Այժմ իրավիճակը փոխվել է, և որոշ դեպքերում քաղաքացին ստիպված է իր գրպանից վճարել։
Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանում կիրառվող մոտեցման առանձնահատկություններից մեկն այն է, որ խորհրդատվության համար թույլատրվում է համավճար՝ պետական փոխհատուցվող արժեքի մինչև 200 տոկոսի չափով։ Մինչդեռ միջազգային պրակտիկայում համավճարի չափը չի գերազանցում փոխհատուցվող արժեքի 30 տոկոսը։
Օրինակ՝ եթե պետությունը տվյալ խորհրդատվության արժեքը գնահատել է 6000 դրամ, բժշկական կազմակերպությունը կարող է մինչև 12 000 դրամ համավճար պահանջել։
Այս իրավիճակը, ըստ Ծաղիկ Վարդանյանի, հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ քաղաքացին նախապես կարող է հստակ չիմանալ՝ որքան է իրենից պահանջվելու և ինչ սկզբունքով է հաշվարկվել այդ գումարը։
Խորհրդատվությունը՝ որպես առողջապահական ծառայությունների «դարպաս»
Համավճարի խնդիրը, սակայն, միայն լրացուցիչ ֆինանսական բեռը չէ։
Նոր համակարգում նեղ մասնագետի խորհրդատվությունը հաճախ հաջորդ բժշկական քայլերի նախապայման է։ Քաղաքացին առանց համապատասխան մասնագետի խորհրդատվության չի կարող ստանալ մի շարք հետազոտությունների, այդ թվում՝ համակարգչային կամ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի, ինչպես նաև տարբեր սրտաբանական գործիքային հետազոտությունների ուղեգրեր։
Փորձագետի խոսքով՝ արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ առողջապահական ծառայությունների մուտքի հենց առաջին փուլում քաղաքացին կարող է բախվել լրացուցիչ վճարի։
Սա հատկապես կարևոր է այն պատճառով, որ համընդհանուր ապահովագրության ներդրման հանրային ընկալման մեջ շեշտադրվել է ապահովագրված քաղաքացիների համար բժշկական ծառայությունների հասանելիության ընդլայնումը։
Ինչո՞ւ նույն ծառայությունը կարող է տարբեր գին ունենալ
Ծաղիկ Վարդանյանի գնահատմամբ՝ բժշկական կազմակերպություններին չափազանց մեծ ազատություն է տրվել համավճարի չափը որոշելու հարցում։ Եթե մեկ կազմակերպությունում քաղաքացին կարող է վճարել 3000 դրամ, մեկ այլ կազմակերպությունում՝ 6000, իսկ որոշ դեպքերում՝ մինչև 12 000 դրամ, ապա առաջանում է ոչ միայն սոցիալական, այլև կառավարչական խնդիր։
Փորձագետը կարծում է, որ սոցիալական ապահովագրության համակարգում քաղաքացիների գրպանից կատարվող վճարները պետք է հստակ կարգավորվեն և վերահսկվեն։
Նրա խոսքով՝ հատկապես պետք է տարբերակել նույն մասնագիտության խորհրդատվությունները՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է այն իրականացվում։
Երրորդ մակարդակի բժշկական կազմակերպություններում, որպես կանոն, հայտնվում են ավելի բարդ կամ ախտորոշման առումով ոչ հստակ դեպքեր։ Այդպիսի խորհրդատվությունը կարող է պահանջել ավելի խորացված ուսումնասիրություն, լրացուցիչ հետազոտություններ և ավելի շատ ժամանակ։
Այդ պատճառով, ըստ փորձագետի, տարբեր մակարդակի բուժհաստատություններում նույն ծառայության համար մեկ ընդհանուր մոտեցում կիրառելը բավարար ճկունություն չի ապահովում։
Երեխաները, քրոնիկ հիվանդները և հաշմանդամություն ունեցող անձինք․ «բոլորի համար նույն կանոնը»
Համակարգի մեկ այլ կարևոր խնդիր, ըստ փորձագետի, տարբեր շահառու խմբերի նկատմամբ տարբերակված մոտեցման բացակայությունն է։
Խնդիրը հատկապես վերաբերում է երեխաներին, շարունակական բժշկական հսկողության կարիք ունեցող հիվանդներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
Օրինակ՝ նույն ախտորոշման շրջանակում սահմանվում է տարվա ընթացքում երկու նեղ մասնագիտական խորհրդատվության և չորս այցելության հնարավորություն։ Սակայն շարունակական հսկողության կարիք ունեցող հիվանդների դեպքում այդ սահմանափակումը կարող է խնդիր ստեղծել։
Շարունակական բժշկական հսկողության նպատակն այն է, որ հիվանդությունը հնարավորինս երկար պահպանվի վերահսկելի վիճակում, կանխվի դրա սրացումը և ավելի ծանր բարդությունների առաջացումը։
Եթե սահմանափակ այցելությունների պատճառով մարդը ստիպված է լինում ավելի ուշ դիմել հիվանդանոցային բուժօգնության, ապա հարց է առաջանում՝ արդյոք համակարգը իրականում նվազեցնո՞ւմ է առողջապահական ծախսերը, թե՞ պարզապես խնդիրը տեղափոխում է հաջորդ մակարդակ։
Փորձագետի կարծիքով՝ նման հիվանդների համար անհրաժեշտ է հատուկ մոտեցում, որը թույլ կտա բժշկի ցուցումով լրացուցիչ այցելություններ և ամբողջական շարունակական բուժօգնություն։
Նույնը, նրա գնահատմամբ, վերաբերում է նաև տարբեր աստիճանի հաշմանդամություն ունեցող անձանց։ Նրանց բժշկական կարիքները չեն կարող նույնացվել միայն մեկ ընդհանուր ծառայությունների փաթեթով։
Համակարգը գործարկվել է առանց բավարար նախապատրաստման
Ծաղիկ Վարդանյանի գնահատմամբ՝ բժշկական կազմակերպությունները, բժիշկներն ու բուժքույրերը բավարար չափով պատրաստված չեն եղել նոր համակարգի գործարկմանը։
Մի շարք իրավական և կարգավորող ակտեր հաստատվել են համակարգի մեկնարկից ընդամենը օրեր առաջ, ինչը, ըստ նրա, բժշկական կազմակերպություններին բավարար ժամանակ չի տվել նոր կանոններին ծանոթանալու և աշխատանքային գործընթացները վերակազմակերպելու համար։
Մասնագետի կարծիքով՝ նման լայնածավալ բարեփոխումից առաջ անհրաժեշտ էր ավելի երկար անցումային ժամանակահատված, տարբեր բժշկական կենտրոններում փորձնական ծրագրեր և բուժաշխատողների համար ուսուցողական սեմինարներ։
Նման նախապատրաստումը, ըստ նրա, հնարավորություն կտար ոչ միայն բժշկական անձնակազմին հասկանալ նոր կանոնները, այլև կանխել հետագայում առաջացած բազմաթիվ վեճերը։
Հաստատված վճարումները հետ են պահանջվում
Փորձագետի խոսքով՝ բժշկական կազմակերպությունները համակարգում ներկայացրել են անհատական դեպքերի վերաբերյալ հայտեր, որոնք ներառել են ախտորոշումը, իրականացված ծառայությունները և այլ տվյալներ։ Դրանք ավտոմատ կերպով հաստատվել է ապահովագրական հիմնադրամի կողմից։
Այնուհետև, սակայն, բժշկական կազմակերպությունները ենթարկվել են ստուգումների, և հիմա որոշ դեպքերի համար նախկինում վճարված գումարները հիմնադրամը հետ է պահանջում։
Փորձագետը հարց է բարձրացնում՝ եթե բժշկական կազմակերպության կողմից ներկայացված տվյալը հիմնադրամը հաստատել է, ապա հետագայում առաջացած խնդիրների ամբողջ պատասխանատվությունը արդյո՞ք պետք է տեղափոխվի բուժհաստատության վրա։
Նրա գնահատմամբ՝ համակարգում անհրաժեշտ է հստակեցնել ինչպես հաշվետվությունների ներկայացման, այնպես էլ դրանց ստուգման և հաստատման մեխանիզմները։
Ֆինանսական ճնշումը կարող է հասնել նաև բժիշկներին
Թեև, ըստ փորձագետի, պաշտոնապես հայտարարվել է, որ գումարները չեն պահվելու բժիշկների աշխատավարձերից, բժշկական կազմակերպության ֆինանսավորման նվազումը գործնականում կարող է ազդել նաև աշխատակիցների եկամուտների վրա։
Հատկապես խոցելի վիճակում կարող են հայտնվել փոքր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները, որոնց համար նույնիսկ մի քանի միլիոն դրամի ֆինանսական ճշգրտումը կարող է նշանակալի լինել։
Ապահովագրական հիմնադրամի ֆինանսական կայունության հարցը
Ըստ փորձագետի՝ ապահովագրական հիմնադրամի հաշվետվությունների համաձայն՝ առաջին եռամսյակում ծառայությունների, այսպես կոչված, «վնասաբերությունը» կազմել է մոտ 60 տոկոս, իսկ վեց ամսվա արդյունքներով՝ մոտ 88 տոկոս։
Այս ցուցանիշը, ինչպես բացատրում է Ծաղիկ Վարդանյանը, հավաքագրված ապահովագրական միջոցների և բժշկական կազմակերպություններին ծառայությունների դիմաց փոխհատուցված գումարների հարաբերակցությունն է։
Եթե ծառայությունների ծավալը և քաղաքացիների դիմելիությունը շարունակեն աճել, ապա, ըստ նրա, հիմնադրամի վնասաբերությունը կարող է հասնել կարմիր գծի՝ 90-95 տոկոսի։ Այդ դեպքում, նրա կարծիքով, համակարգը կարող է կանգնել լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության առաջ։
Վարդանյանը կանխատեսում է, որ այդ խնդիրը կարող է լուծվել երկու հիմնական ճանապարհով՝ համավճարով իրականացվող ծառայությունների շրջանակի ընդլայնմամբ կամ ապահովագրական վճարի ավելացմամբ։ Նրա գնահատմամբ՝ ներկայում կիրառվող սուբսիդիաները կարող են ունենալ անցումային բնույթ, իսկ հետագայում դրանց կրճատման կամ վերացման դեպքում աշխատողների ապահովագրական վճարների բեռը կարող է մեծանալ։
Բացի այդ, նա կանխատեսում է, որ ապահովագրավճարը կարող է հասնել մինչև 15 հազար դրամի։
2029 թվական․ համակարգի նոր փուլ
Ծաղիկ Վարդանյանի ներկայացմամբ՝ 2029 թվականից նույն ծառայությունները, որոնք ներկայում ապահովագրվում են պետության կողմից, կարող են հասանելի լինել նաև մասնավոր ապահովագրական կազմակերպությունների միջոցով։
Այս սցենարի դեպքում Հայաստանում կարող է ձևավորվել երկբաղադրիչ համակարգ, որտեղ պետական ապահովագրական մեխանիզմին զուգահեռ ավելի մեծ դեր կունենա մասնավոր ապահովագրությունը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day