Մանկության տարիքում վերապրած ծանր բռնությունը (ոտնձգությունը) կապված է խաղամոլության՝ ֆինանսական, հոգեբանական և սոցիալական հետևանքների հանգեցնող մոլախաղերով տարվելու բարձր ռիսկի հետ։ Նման փորձառություն ունեցած մարդկանց շրջանում մինչև 24 տարեկանը մոլախաղերի հետ կապված չափավոր խնդիրների հավանականությունը կարող է երկու-երեք անգամ ավելի բարձր լինել։ Այս մասին են վկայում Բրիստոլի համալսարանի գիտնականների ղեկավարած հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Addictive Behaviours Reports ամսագրում։
Հետազոտողները վերլուծել են բրիտանական Children of the 90s նախագծի 3794 մասնակցի տվյալները. նախագծի շրջանակում ուսումնասիրվում են 1990-ականների սկզբին ծնված մարդիկ։ Գիտնականներն ուսումնասիրել են մանկության շրջանի տասը տեսակի անբարենպաստ գործոնների (այդ թվում՝ բռնության, հալածանքի (բուլինգի), ծնողների հոգեկան առողջության խնդիրների և ընտանիքի քայքայման) կապը 17, 20 և 24 տարեկանում խաղամոլության առաջացման ռիսկի հետ։
Ամենատարածված անբարենպաստ գործոնը եղել են ծնողների հոգեկան խանգարումները կամ ինքնավնասման հակումները, որոնց բախվել է մասնակիցների 43%-ը։ Անձեռնմխելիության դեմ ուղղված բռնությունն ուսումնասիրված գործոններից ամենահազվադեպն է եղել. այդ մասին հայտնել է մասնակիցների 5%-ը։
Հենց բռնության այդ տեսակն է ցույց տվել առավել ընդգծված կապը մոլախաղերի հետ կապված խնդիրների հետ։ Հասակակիցների կողմից հալածանքը, ծնողների դատվածությունն ու ամուսնալուծությունը նույնպես կապված են եղել նման խնդիրների հետ, սակայն այդ արդյունքներն ավելի քիչ օրինաչափ են եղել։ Միևնույն ժամանակ, մանկության շրջանի մյուս անբարենպաստ իրադարձությունների մեծ մասը կայուն կապ չի դրսևորել խաղամոլության բարձր ռիսկի հետ։
Հետազոտության ավագ հեղինակ՝ Բրիստոլի համալսարանից Էննի Հերբերտը նշել է, որ ստացված արդյունքները ևս մեկ անգամ ապացուցում են, թե որքան կարևոր է մոլախաղերի հասցրած վնասն ուսումնասիրելիս հաշվի առնել մանկության հոգեբանական տրավմաները։
Ըստ հետազոտողների՝ տրավմատիկ փորձառության և խաղամոլության միջև կապի բացահայտումը կարող է օգնել կախվածությունների բուժմամբ զբաղվող մասնագետներին՝ ավելի արդյունավետ աջակցել պացիենտներին։ Գիտնականները նախատեսում են համատեղ վերլուծել մի քանի հետազոտությունների տվյալները՝ ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալու, ինչպես նաև պարզելու համար, թե այդ կապի մեջ ինչ դեր են խաղում հոգեկան առողջությունն ու վերապրած բռնության մյուս հետևանքները։
Հեղինակներն ընդգծում են, որ մանկության անբարենպաստ փորձառությունը ռիսկի գործոններից միայն մեկն է. նրանց գնահատմամբ՝ դրան բաժին է ընկնում մոլախաղերի հետ կապված վնասակար դեպքերի մինչև 11%-ը։ Մանկության տարիներին ստացած տրավմաները դեռ չեն նշանակում, որ մարդու մոտ անպայման խաղամոլության խնդիրներ կզարգանան։