Օրական քանի՞ ժամ պետք է քնի մարդը, որպեսզի նրա օրգանիզմը հասցնի հանգստանալ եւ վերականգնվել: Պարզել շատերին հուզող այս հարցի պատասխանը կօգնի Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:
Մասնագետի խոսքով՝ ամեն ինչ կախված է մարդու եւ նրա օրգանիզմի յուրահատկություններից: Մարդկանց մեծամասնության համար նորմալ է օրական 6-8 ժամ քնելը: Ընդ որում՝ քնել այդքան պետք է ամեն օր: Չի կարելի մի քանի օր անընդմեջ քնի պակաս ունենալ, իսկ հետո փորձել հատուցել այդ պակասը հանգստյան օրերին:
Քնի պակասը (6 ժամից պակաս), մասնագետի խոսքով, վնասակար է եւ կարող է մի շարք խնդիրներ հարուցել, որոնցից է հիպերտոնիան, շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ ճարպակալումը: Հատկանշական է, որ չափից շատ քնելը նույնքան վտանգավոր է, որքան քնի պակասը: Մասնագետի խոսքով՝ եթե մարդն ամեն օր քնում է 9-10 ժամ, դա կարող է վկայել մի շարք խանգարումների մասին, իսկ հիվանդացության եւ մահացության մակարդակն ավելի բարձր է ինչպես քնի պակաս ունեցողների, այնպես էլ չափից շատ քնողների մոտ:
Սամսոն Խաչատրյանը նշեց նաեւ, որ ցանկալի է պառկել քնելու ժամը 23:00-ին, քանի որ այդ ժամից մինչեւ ժամը մեկը օրգանիզմում սինթեզվում է մելատոնինը, որը շատ կարեւոր է օրգանիզմի համար: Իսկ հեռախոսների եւ պլանշետների էկրանների լույսը խանգարում է այդ սինթեիզին՝ մարդուն սթրեսի ենթարկելով:
Այսպիսով, մասնագետը խորհուրդ է տալիս ամեն օր պառկել քնելու միեւնույն ժամին՝ ցանկալի է 23:00-ից ոչ ուշ եւ քնել վեց ժամից ոչ պակաս: Այս խորհրդին հետեւելը կարող է նկատելի բարելավել քնի որակը եւ օրվա ընթացքում հոգնածություն չզգալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day