• Latest news

Հայաստանում կատարվել է ուսահոդի եզակի էնդոպրոթեզավորում

6 օգոստոսի, 2015  12:40

«Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայում կատարվել է ուսահոդի էնդոպրոթեզավորում` բազկոսկրի գլխիկի կոտրվածքից հետո։ Մեր երկրում իրականացվող նման եզակի վիրահատության արդեն ենթարկվել է 2 հիվանդ։

78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբեւեռ էնդոպրոթեզավորում` բազկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա էր դիմել՝ գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից եւ շարժումների խիստ սահմանափակումից: Վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետեւանքով: Գործիքային եւ լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով:

Ըստ մասնագետների` նմանատիպ կոտրվածքների հիմնական խնդիրն այն է, որ կոտրվածքից հետո իսպառ վերանում է բազուկոսկրի գլխիկի արյան մատակարարումը, ինչի հետեւանքով ոսկրային նյութը վերածվում է ախտաբանական փափուկ հյուսվածքի` կորցնելով հենարանային ֆունկցիան: Արդյունքում ուսահոդում առաջանում է շարժումների խիստ սահմանափակում:

Նախկինում նման կոտրվածքների դեպքում կատարվում էր կամ բազկոսկրի գլխիկի հեռացում կամ այդ հիվանդներն ընդհանրապես չէին վիրահատվում։ Երկու դեպքում էլ առաջանում էր վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարում, ինչն ուղեկցվում էր արտահայտված ցավերով:

ԵՊԲՀ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված կոնսիլիումի արդյունքում որոշվել է, որ համալսարանական կլինիկայի թե՛ մասնագիտական, թե՛ գործիքային հագեցվածությունը հնարավորություն է տալիս կատարելու անհրաժեշտ վիրահատությունը, ինչի շնորհիվ հիվանդը կխուսափի վերին վերջույթի ֆունկցիայի կայուն խանգարումից:

Այսպես, մայիսի 7-ին, մեր երկրում իրականացվեց ուսահոդի միաբեւեռ էնդոպրոթեզավորում։ Վիրահատություն, որ նախկինում անհասանելի էր մեր հիվանդների համար:

Ընդհանուր անզգայացման տակ իրականացված վիրահատությունը տեւել է 1 ժամ 20 րոպե: Թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների, հարթ: Հիվանդը դեռեւս գտնվում է կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Նա արդեն կարողանում է երկու ձեռքի օգնությամբ ինքնուրույն լվանալ երեսը եւ հարդարել մազերը: Թեեւ դեռ ցավեր ունի, բայց դրանք օրեցօր նվազում են, ավելանում են շարժումների ծավալները:

Նույն վիրահատության ենթարկված երկրորդ հիվանդը 32 տարեկան է, արական սեռի ներկայացուցիչ: Մ.Մ.-ի մոտ էպիլեպսիկ նոպայի ժամանակ ձախ ուսահոդում առաջացել է հոդախախտ: Հիվանդը նախ դիմել է ժողովրդական բժշկության օգնությանը։ Հոդախախտն ուղղելու անհաջող փորձի ժամանակ սնղչին վնասել է հիվանդին՝ առաջացնելով բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք: Գնալով սաստկացող ցավերը հիվանդին պարտադրել են դիմել բժշկի օգնությանը: «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայում գործիքային եւ լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի անատոմիական վզիկի կոտրվածք` հետին հոդախախտով: Հաշվի առնելով հիվանդի երիտասարդ տարիքը՝ որոշվել է կատարել նվազագույն միջամտություն։ Իրականացվել է հոդախախտի բաց ուղղում եւ ոսկրաբեկորների ֆիքսում՝ պտուտակներով եւ ամրալարով:

Վիրահատությունն անցել է հարթ։ Հիվանդը գտնվում է «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի ամբուլատոր հսկողության ներքո: Հինգ ամսվա ընթացքում նկատվել է բացասական դինամիկա։ Ռենտգենաբանական հետազոտությամբ արձանագրվել է բազկի գլխիկի ասեպտիկ մեռուկացման ավելացում եւ ցավի հետզհետե սաստկացում։

ԵՊԲՀ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսր Արմեն Չարչյանի մասնակցությամբ կազմակերպված համայցի ժամանակ կայացվել է որոշում՝ իրականացնել ձախ բազկոսկրի միաբեւեռ էնդոպրոթեզավորում: Վիրահատության ընթացքում հեռացվել են մետաղական բոլոր կոնստրուկցիաները եւ մեռուկացված գլխիկի մասնիկները:

Էնդոպրոթեզավորումն իրականացվել է ցեմենտային եղանակով:

Վիրահատությունը եւ հետվիրահատական շրջանն անցել են առանց բարդությունների: Վիրահատությունից անցել է մեկ ամիս, հիվանդը ինքնուրույն կատարում է վերին վերջույթի մինչեւ 50 աստիճան տարածում, երկու ձեռքի կիրառությամբ ինքնուրույն լվանում է երեսը եւ հարդարում մազերը:

Վիրահատությունները կատարել են վիրաբույժ՝ ԵՊԲՀ վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի դասախոս, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արտակ Օհանյանը, ասիստենտներ՝ կլինիկայի ղեկավար Արմեն Բդոյանը եւ կլինիկայի բժիշկ-վնասվածքաբան Արսեն Ազիզբեկյանը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել