• Latest news

Հայաստանում զույգերի 10 տոկոսը տառապում է երկրորդային անպտղությամբ

10 մարտի, 2016  15:33

Հայաստանում զույգերի մոտ 14.9 տոկոսը անպտղությամբ է տառապում, ընդ որում նրանց մեծամասնությունը  (10%) երկրորդական անպտղություն ունի: Այդ մասին լրագրողներին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը: 

Զույգի անպտղության դեպքերի մոտավորապես 60-65 տոկոսի պատճառը կինն է, մնացած դեպքերում` տղամարդը, նշել է մասնագետը: 

Առաջնային անպտղության դեպքում զույգն ի սկզբանե չի կարողանում երեխա ունենալ, իսկ երկրորդայինի դեպքում զույգն արդեն ունեցել է հղիություն  (կարեւոր չէ` դա երեխայի ծննդով է ավարտվել, վիժումով, թե աբորտով), բայց չեն կարողանում եւս մեկ երեխա սաղմնավորել: Երկրորդական անպտղության առավել տարածված պատճառներն են, ինչպես նշել է Գայանե Ավագյանը, աբորտները, սեռական եղանակով փոխանցվող հիվանդությունները, ինչպես նաեւ փոքր կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունները: 

Այդ պատճառով երկրորդային անպտղության կանխարգելման համար, մասնագետի խոսքով, ծայրաստիճան կարեւոր է աբորտների կանխարգելումը. եթե զույգերն արդյունավետ կերպով օգտագործեն հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները եւ եթե բոլոր հղիությունները ցանկալի լինեն, դա դրականորեն կազդի նաեւ բնակչության առողջության եւ երկրում ժողովրդագրական իրավիճակի վրա եւ կարող է կրճատել երկրորդական անպտղության դեպքերի թիվը:

Բարեբախտաբար ժամանակակից երիտասարդներն անհամեմատ ավելի շատ բան գիտեն հակաբեղմնավորման միջոցների մասին եւ անհամեմատ ավելի հաճախակի են օգտագործում դրանք, քան անցած սերունդների ներկայացուցիչները, նշել է Գայանե Ավագյանը: Ավելին, ժամանակակից երիտասարդ կանանց վերաբերմունքն աբորտներին ավելի բացասական է, եւ եթե անցյալում կինը կարող էր աշխատանքային ընդմիջման ընթացքում գնալ եւ աբորտ անել, իսկ հետո վերադառնալ աշխատանքի ու մոռանալ այդ մասին, այսօր երիտասարդ կնոջ համար անհամեմատ ավելի բարդ է նման որոշում կայացնելը եւ նա ավելի խնամքով է վերաբերվում իր առողջութանը: 

Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, հաշվի առնելով Հայաստանում ապրող կանանց թիվը, կարելի է ենթադրել, որ նրանց մոտավորապես 89 795-ը կարող է անպտղություն ունենալ: Նրանցից 30 000-ը կարող է առաջնային անպտղություն ունենալ, իսկ 60 000-ը` երկրորդային: Տեսականորեն` աբորտների կանխարգելման եւ սեռական վարակների ժամանակին հայտնաբերման եւ բուժման հաջող ծրագրերը կարող են զգալիորեն կրճատել երկրորդային անպտղությամբ տառապող կանանց թիվը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է