• Latest news

Ինչպես խուսափել աղիքային վարակներից

15 մարտի, 2016  21:29

Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաեւ կենցաղակոնտակտային ճանապարհով: Միեւնույն ժամանակ, աղիքային վարակներին բնորոշ է սեզոնայնությունը: Հիվանդության դեպքերը, ինչպես նաեւ բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք շրջանում՝ հիմնականում գարնան եւ ամռան ամիսներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման եւ բազմացման համար: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Գարնանը, երբ ձնհալի եւ անձրեւների հետեւանքով գետերը վարարում են եւ, դուրս գալով հունից, հեղեղում են շրջակա միջավայրը (որտեղ մշտապես առկա են աղիքային վարակների բազմաթիվ հարուցիչներ), մեծանում է ջրամատակարարման համակարգերում խմելու ջրի մանրէաբանական աղտոտման ենթարկվելու վտանգը: Բնակչությունը երբեմն աղտոտված ջուրն օգտագործում է ինչպես խմելու, այնպես էլ կենցաղային այլ նպատակներով (մրգեր, բանջարեղեն, սպասք լվանալու, լվացվելու համար) եւ վարակվում է տարբեր աղիքային վարակիչ հիվանդություններով:

Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ, որը բարենպաստ պայմաններում մանրէների համար նաեւ սննդային միջավայր է, որտեղ դրանք աճում եւ բազմանում են:

Ամռանը լավ չլվացված մրգերը եւ բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման եւ տարածման պատճառ:

Սղիքային վարակներից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը հորդորում է սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործել միայն հոսող մաքուր ջրով լվանալուց հետո եւ պահպանել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում: Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արեւի ճառագայթների եւ մթնոլորտային տեղումների, ինչպես նաեւ փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ըմպելիքներ, հյութեր ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն: Խստորեն հետեւել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը՝ ձեռքերը լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո: Եթե բնակության վայրում գրանցվել են խմելու ջրի մատակարարման անջատումներ, ապա ջուրն օգտագործել միայն 10-15 րոպե հոսելուց հետո եւ խուսափել պատահական վայրերից բերված ջրի օգտագործումից անգամ կենցաղում օգտագործելու համար: Խմելու ջրի որակի փոփոխությունների (համ, հոտ, պղտորություն) դեպքում անմիջապես ահազանգել եւ՛ ՀՀ առողջապահության նախարարություն, եւ՛ տարածքը սպասարկող ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություններին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է