Քաղցկեղի որոշ տեսակներ առաջնային օրգանից տարածվում են այլ օրգանների վրա. օրինակ` կրծքի եւ շագանակագեղձի քաղցկեղը հաճախ վնասում է ոսկրերը եւ, մասնավորապես, ողնաշարը: Եթե բժիշկները ստիպված են լինում հեռացնել վնասված ողերը, դրանք սովորաբար փոխարինվում են մետաղական հիմնակմախքներով կամ ոսկրային փոխպատվաստումներով, որոնց տեղադրման համար բարդ վիրահատություն է անհրաժեշտ:
Մետաղական նյութերին ավելի հաջող այլընտրանքի եւ դրանց ներմուծման քիչ ինվազիվ մեթոդների փնտրտուքում Mayo Clinic-ից հետազոտական խումբը Լիչուն Լյուի գլխավորությամբ պոլիմերային սպունգանման նյութ է մշակել, որը կարող է օգտագործվել հեռացված ողերի փոխարինման համար: Ջրազրկված վիճակում նյութը, որի հիմքը կազմում է օլիգո-ՊԵԳ-ֆումարատը, բավականին սեղմ է: Այն կարելի է տեղավորել ողի հեռացումից հետո մնացած տեղում, ինչից հետո սպունգանման նյութը սկսում է օրգանիզմից հեղուկ ներծծել եւ մեծանալ:
Մշակողների խոսքով, նոր նյութը շատ արագ չի փքվի. դա կօգնի չվնասել առողջ հյուսվածքները: Բացի այդ, հնարավոր կլինի դրա կազմի մեջ այնպիսի դեղեր ներմուծել, որոնք արդյունավետ կերպով կպայքարեն ուռուցքների դեմ:
Գիտնականները մակետի վրա ստուգել են նյութի աշխատունակությունը, որն իսկական ողնաշարին է նմանակում, բացի այդ, կենդանի հյուսվածքների վրա փորձարկել են «սպունգի» անվտանգությունը: Հաջորդ փուլը դիակի վրա փորձարկումներն են, ինչից հետո գիտնականները հույս ունեն անցնել մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների անցկացմանը:
Գիտնականներն իրենց գյուտը ներկայացրել են Քիմիկոսների ամերիկյան ընկերակցության հանդիպմանը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր