Ամենաուշագրավը շաբաթվա ընթացքում. Ի՞նչ եք բաց թողել 2020 թվականի հունվարի 19-ից 25-ը

11:43   26 հունվարի, 2020

Ի՞նչ ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել 2020 թվականի հունվարի 19-ից 25-ը բժշկության աշխարհում: Ո՞ր լուրերը դուք կարող էիք բաց թողնել:

Կորոնավիրուսը Չինաստանում

Նոր կորոնավիրուսը, որը ստացել է 2019-nCoV անունը, տարածվել է ամբողջ աշխարհում՝ առաջացնելով թոքաբորբ: Վերջին տվյալներով՝ վիրուսն արդեն սպանել է 56 մարդու, իսկ վարակի դեպքերի թիվը կազմում է առնվազն 1975:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գումարել է արտահերթ նիստ վիրուսի շուրջ իրավիճակը քննարեկելու համար, որի արդյունքում որոշել է դեռեւս Արտակարգ դրություն չհայտարարել:

Այդ վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Թաիլանդում, Սինգապուրում, Թայվանում, Ճապոնիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում եւ Նեպալում:

Վարակի տարածումը կանխելու համար բազմաթիվ չինական քաղաքներ փակ են. այնտեղ հայտարարվել է կարանտին, իսկ հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է: Դա մեծ ազդեցություն է թողել տեղի օտարերկրացիների կյանքի վրա:

Շատերը երկմտում են՝ հնարավո՞ր է արդյոք վարակվել կորոնավիրուսով Չինաստանից ստացված ծանրոցների միջոցով, որոնք ուղարկվում են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ դեպի Հայաստան: Չինական China Post փոստային ծառայությունը խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել ծանրոցներին, որոնք անցնում են Ուհան քաղաքի մասնաճյուղում, եւ ախտահանել դրանք:

Վարակված մարդկանց շրջանում քիչ չեն բժիշկները, որոնք աշխատել են հիվանդների հետ առանց պատշաճ պաշտպանության, հատկապես, վիրուսի տարածման առաջին օրերին, երբ դեռեւս հայտնի չէր, որ այն փոխանցվում է մարդուց մարդուն:

Վարակի աղբյուրը Ուհան չինական քաղաքում ծովամթերքի շուկան էր:

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռեւս չկա, սակայն այն հնարավոր է մշակել շուրջ 6 ամսվա ընթացքում:

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից, եթե պատրաստվում եք մեկնել Չինաստան կամ մեկ ուրիշ երկիր: Մի քանի խորհուրդ, որոնք ձեզ, հնարավոր է, պետք կգան. https://med.news.am/arm/news/24947/inchpes-pashtpanvel-nor-koronavirusic-ete-patrastvum-eq-menel-chinastan.html

Աշխարհում

Հունվարի 24-ին կյանքից հեռացել է բժիշկ Փիթեր Սալաման՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործադիր տնօրենը:

Ուշագրավ դեպքեր

Հայկական Արալեզ գյուղից (Արարատի մարզ) ընտանիքի չորս անդամները հոսպիտալացվել են շմոլ գազով թունավորման հետեւանքով: Տուժածները երկու անչափահասներ են (7-ամյա աղջիկ եւ 9-ամյա տղա), ինչպես նաեւ նրանց մայրն ու տատիկը:

Տեխասից 34-ամյա Ջեսկա Ֆորսիթը 3 տարվա ընթացքում հիվանդացել է մաշկի քաղցկեղի երեք տարբեր տեսակներով: Իհարկե, կա հավանականություն հիվանդանալ քաղցկեղի մի քանի տեսակներով, սակայն դա շատ հազվադեպ երեւույթ է:

Հետազոտություններ

Կանզասի համալսարանից հետազոտողները փնտրում են կամավոր զույգեր տղամարդկանց կոնտրացեպցիայի նոր մեթոդի կլինիկական հետազոտություններում մասնակցելու համար: Այդ գելն անհրաժեշտ է ներմերսել ուսերի մեջ, ինչը կնվազեցնի սպերմատազոիդների քանակությունը:

Փենսիլվանիայում (ԱՄՆ) Սրտանոթային հիվանդությունների պետական ինստիտուտի գիտնականները պարզել են, որ ծխելը խանգարում է օրգանիզմի՝ զարկերակային ճնշումը կարգավորելու ունակությանն ու նպաստում հիպերտոնիայի զարգացմանը:

Տղամարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդությունների առաջացման վտանգն ավելի մեծ է, քան կանանց շրջանում: Ինչո՞ւ: Այդ հարցի պատասխանը կարող է թաքնված լինել Y-քրոմոսոմում:

Արեւապաշտպան կրեմներում որոշ քիմիական ֆիլտրեր կարող են ներթափանցել արյան մեջ անվտանգ մակարդակը գերազանցող քանակությամբ: Որքանով է դա անվտանգ, դեռ պարզ չէ, սակայն ամեն դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ֆիզիկական ֆիլտրերով արեւապաշտպան միջոցներ:

Ուշադրություն պահանջող նախանշաններ

Դեպքերի մեծամասնությունում մաշկի վրա ցանը կապված է ալերգիայի կամ մաշկաբանական հիվանդության հետ: Սակայն երբեմն այն կարող է վկայել նաեւ օնկոլոգիական հիվանդության մասին, այդ իսկ պատճառով ցանը խորհուրդ չի տրվում անտեսել:

Սառած ուսի համախտանիշը, որն ուղակցվում է ցավով եւ ուսի հոդում շարժունության սահմանափակմամբ, կարող է վկայել 2-րդ տիպի դիաբետի զարգացման մասին:

Երբեմն սեքսի նկատմամբ հետաքրքրության կորստի եւ լիբիդոյի անկման հետեւում թաքնված են առողջության հետ կախված խնդիրներ, այդ պատճառով այդ նախանշանը նույնպես պետք է անտեսել:



© NEWS.am Medicine