Իմունային համակարգն ամրացնող փորձարարական դեղամիջոցը մելանոմայով հիվանդներին օգնել է մի քանի տարով հաղթահարել հիվանդությունը, ասված է նոր հետազոտության մեջ:

Փորձագետները կարծում են, որ Nivolumab դեղամիջոցը վերականգնում է իմունային համակարգը, եւ երբ ուռուցքը նոր բջիջներ է աճեցնում, իմունային համակարգն արդեն կարողանում է ոչնչացնել դրանք: «Մենք կարծում ենք, որ գտել ենք իմունային համակարգի եւ ուռուցքի միջեւ հավասարակշռությունը»,- ասում է հետազոտության հեղինակը՝ Բալթիմորում  Ջոն Հոփկինսի անվան համալսարանի մելանոմայի ծրագրի տնօրեն Սյուզաննա Թոփալյանը:

Հետազոտությանը չմասնակցած փորձագետներն արդյունքները անվանել են «հրաշալի», տեղեկացնում է Newsmax Health-ը։

Որոշ ուռուցքներ արտադրում են մոլեկուլներ, որոնք «անջատում են» իմունային համակարգը, եւ այն դադարում է ճանաչել ու ոչնչացնել քաղցկեղային բջիջները: Nivolumab-ը փաստացի իմունային համակարգն ազատում է «արգելակներից», եւ այն նորից ի վիճակի է լինում գրոհել հիվանդությունը:

Փորձին մասնակցած բոլոր հիվանդները տառապել են մաշկի քաղցկեղի վտանգավոր տիպով՝ մելանոմայով, 80%-ը մետաստազներ է ունեցել: Մասնակիցներին երկու տարվա ընթացքում երկու շաբաթը մեկ ներերակային ճանապարհով դեղ են ներմուծել:

Դեղն ընդունած 33 հիվանդների դեպքում ուռուցքը 50%-ով փոքրացել է: Որոշ մարդկանց դեպքում այն ամբողջությամբ անհետացել է: 7 հոգու դեպքում հիվանդությունը կայուն է եղել եւ մնացել է անփոփոխ, ինչը նշանակում է, որ քաղցկեղը չի զարգացել: Մնացած 67% հիվանդների արդյունքները խառն են եղել՝ ուռուցքներից որոշները փոքրացել են, մյուսները՝ մեծացել: Հիվանդների 62%-ը բուժումից մեկ տարի անց ողջ է եղել, իսկ 43%-ը ողջ է եղել բուժումից երկու տարի հետո: