2013 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլոզի 1055 նոր դեպք։ Այս մասին մարտի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Արմեն Հայրապետյանը։
«Սկսած 2006 թվականից մինչ օրս արձանագրվում է տուբերկուլոզի հիվանդացության եւ մահացության ցուցանիշների նվազում։ 2013 թվականին նոր դեպքերի թիվը կազմել է 1055, որը ավելի քիչ է, քան նախորդ տարիներին», - ասաց Հայրապետյանը։
Համեմատության համար, 2012 թվականին երկրում գրանցվել էր 1125 նոր դեպք, իսկ 2011-ին՝ 1247։ Վերջին 3 տարիների ընթացքում մի փոքր աճել է դեղորայքակայուն տուբերկուլոզի հիվանդացությունը. 2013 թվականին բազմադեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդացել է 104 մարդ, 2012-ին՝ 101, իսկ 2011-ին՝ 88։
Ըստ Հայրապետյանի՝ տուբերկուլոզի բուժումը Հայաստանում բավական արդյունավետ է, իսկ բուժման բարեհաջող դեպքերի ցուցանիշը՝ բավական բարձր. 2012 թվականին բուժված դեպքերը կազմել են բոլոր դեպքերի մոտ 80 տոկոսը, իսկ ինչ վերաբերվում է դեղորայքակայուն տուբերկուլոզին, բուժվել են հիվանդների մոտ 60 տոկոսը։ «ԱՀԿ-ն 2015 թվականի համար թիրախ է նշել 85 տոկոսը, եւ մենք, կարծում եմ, այդ թիրախին կհասնենք եւ կանցնենք», - նշեց Հայրապետյանը։
Այս պահին, ինչպես նշեց Հայրապետյանը, ողջ Հայաստանում տուբերկուլոզից բուժվում է մոտ 1000 մարդ։ 2014 թվականի մարտի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 261 հիվանդ բուժման մեջ է գտնվում։
Ինչ վերաբերվում է տուբերկուլոզից մահացությանը, 2013 թվականին մահացու դեպքերի թիվը կազմել է 49 (2012 թվականին տուբերկուլոզից մահացել է 60 մարդ, իսկ 2011-ին՝ 45)։
Հետաքրքիր է, որ ազատազրկման վայրերում 2013 թվականին արձանագրվել է 27 տուբերկուլոզի դեպք, որոնց մոտ 20 տոկոսը մանրէազատող էին, այսինքն՝ վարակիչ։ Նույն թվականին ազատազրկման վայրերում տուբերկուլոզից մահացել է 1 մարդ։






