LASIK տեխնոլոգիաների կատարելագործումը վերջին տասնամյակներում նկատելիորեն ազդել է տեսողության ուղղման նպատակով կատարվող վիրաբուժական միջամտությունների մակարդակի վրա:

«Մարդիկ ասում են, որ մենք ապահովում ենք բարձր հստակության տեսողություն, ստանդարտ հստակության տեսողության փոխարեն՝ ինչպես մի քանի տարի առաջ էր», - FoxNews.com-ին տված հարցազրույցում հայտարարել է Չարլստոնի (ԱՄՆ, Հարավային Կարոլինա) Կարոլինա գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Քերրի Սոլոմոնը, - «Մեզ մոտ հիմա ավելի ավտոմատացված եւ ճշգրիտ համակարգեր են»:

Համաձայն բժիշկ Սոլոմոնի, LASIK տեխնոլոգիայով անցկացված վիրահատությունները 90-98% դեպքերում հիվանդներին տալիս են 20/20 տեսողություն, այն ժամանակ՝ երբ 1990-ականներին հիվանդների  ընդամենը 65%-ի մոտ էր դիտվում այսպիսի արդյունք:

LASIK-ը (ակրոնիմ Laser-assisted in Situ Keratomileusis` «լազերային կերատոմիլեոզ»)՝ տեսողության ուղղման ժամանակակից եղանակ է՝ էքսիմերային լազերի օգնությամբ, որը թույլ է տալիս շտկել տեսողության տարբեր խանգարումներ. հեռատեսություն, կարճատեսություն եւ աստիգմատիզմ: Վիրահատությունը կատարվում է արագ եւ թույլ է տալիս մարդուն վերադարձնել բնական տեսողությունը: Վիրահատության ժամանակ եղջերաթաղանթի բարակ կտոր է հանվում:

Այնուհետեւ ժամանակակից համակարգչով ղեկավարվող բարձր ճշգրտության էքսիմերային լազերի օգնությամբ ստեղծվում է եղջերաթաղանթի նոր պրոֆիլ, որպեսզի հետագայում ճառագայթները կենտրոնացվեն ուղիղ աչքի ցանցաթաղանթի վրա: Եղջերաթաղանթի մակերեսի վերապրոֆիլավորումից հետո առաջին փուլում հեռացված եղջերաթաղանթի կտորը վերադարձվում է իր տեղը:

1990-ականների կեսերին եղջերաթաղանթի վրա կտրվածք կատարելու համար վիրաբույժները նշտար էին օգտագործում: Սակայն այժմ ակնավիրաբույժների մեծ մասը ֆեմտովայրկյանային լազեր է օգտագործում:

Վերջին տաս տարվա ընթացքում միջամտության կողմնակի ազդեցությունները նույնպես նկատելիորեն նվազել են:

«Ֆեմտովայրկյանային լազերի միջոցով կատարելագործված մեթոդիկան հնարավորություն է տալիս կատարել ավելի բարակ կտրվածքներ, ինչը նվազեցնում է LASIK եղանակի կողմնակի ազդեցություններից մեկի՝ չոր աչքի հավանականությունը», - ասում է Սոլոմոնը:

Չոր աչքերը եւ գիշերատեսության ախտանիշները, որոնք կարող են ներառել կայծեր եւ արտացոլանքներ աչքերի առջեւ, հանդիսանում են LASIK վիրաբուժության ամենատարածված կողմնակի ազդեցությունները: Նախկինում հաճախ հանդիպող բարդություններից էր տեսողության թուլացումը, սակայն այսօր դա գործնականում չի պատահում, ասում է Սոլոմոնը: LASIK -ի հիվանդներն ակնաբույժի ամենամյա զննման կարիք ունեն: