NEWS.am Medicine-ի ընթերցողների 73%-ը (977 հոգի) ուշադիր կարդում է դեղերի ցուցումները։ Այդ են վկայում NEWS.am Medicine-ի նոր հարցման արդյունքները։

Հարցմանը մասնակցած մարդկանց 22%-ը (300 հոգի) երբեմն կարդում են ցուցումները՝ դեղն օգտագործելուց առաջ, իսկ 4%-ը (60 հոգի) չի կարդում դրանք եւ ընդհանրապես չի էլ հասկանում դրանք կարդալու իմաստը։ Հարցմանը մասնակցել է 1337 մարդ։

Դեղերի ցուցումները պարզապես անիմաստ բառերի շարան են, թե՞ արժեքավոր տեղեկություն՝ սպառողի համար։ Ճի՞շտ են վարվում այն սպառողները, ովքեր կարդում են այդ ցուցումները։ Իսկապես սխա՞լ են այն մարդիկ, ովքեր չեն կարդում դրանք։ Այս հարցերի պատասխանը ստանալու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը դիմեց Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանին։

Ըստ նրա՝ դեղերի ցուցումները կարդալ ցանկալի է, անկախ այն բանից, թե բժիշկն է դրանք նշանակել, թե մարդն ինքն է որոշել օգտագործել դրանք։

Հայաստանում ինքնաբուժությամբ զբաղվող մարդկանց թիվը բավական մեծ է. երբ նրանք հիվանդանում են, ոչ թե բժիշկի են դիմում, այլ միանգամից գնում են դեղատուն։ Ալբերտ Սահակյանի կարծիքով, այդպիսի մարդիկ անպայման պետք է կարդան դեղերի ցուցումները, քանի որ այդ դեղերը հավանաբար խորհուրդ է տվել ոչ թե բժիշկը, այլ դեղատան աշխատակիցը։

Նույնիսկ եթե դեղը նշանակել է բժիշկը, դրա ցուցումներն ամեն դեպքում արժե կարդալ, թեպետ ենթադրվում է, որ բժիշկը դեղատոմս է գրել եւ ամեն ինչ բացատրել է պացիենտին։ Թերթիկը հիվանդին կտա օգտակար ինֆորմացիա դեղի ցուցումների, հակացուցումների, նախազգուշացումների եւ կողմնակի ազդեցությունների մասին, իսկ նման տեղեկությունները երբեք ավելորդ չեն։

Երբեմն էլ, ցավոք, պատահում է, որ բժիշկները սխալ նշանակումներ են անում, եւ դա եւս մեկ պատճառ է՝ դեղի ցուցումներն ուշադիր կարդալու համար։ Եթե կարծում եք, որ Ձեզ սխալ դեղամիջոց են նշանակել, քննարկեք այդ հարցը բժիշկի հետ, ոչ թե ինքնուրույն որոշում կայացրեք։ Իսկ եթե չեք հավատում այդ բժիշկին, դիմեք այլ բժիշկի, խորհուրդ է տալիս Ալբերտ Սահակյանը։