Դեղամիջոցների կլինիկական նոր ուսումնասիրությունները խոստանում են ստեղծել քիմիաթերապիայի այլընտրանք՝ դեղահաբերի տեսքով։ Հետազոտողները պարզել են, որ երկու դեղամիջոցների՝ Olaparib եւ cediranib համադրությունը կարող է այնպես ոչնչացնել ձվարանների քաղցկեղ ունեցող հիվանդների քաղցկեղային բջիջները, ինչպես քիմիաթերապիան, հայտնում է Medical Daily-ն։

Հետազոտողներն ասել են, որ ձվարանների ծանր տիպի քաղցկեղ ունեցող հինգ կանանցից չորսի մոտ հիվանդությունը կրկնվում է։ Եվ երբ հիվանդությունը վերսկսում է, այն տարածվում է մարմնի մյուս հատվածներում, ինչը ավելի է բարդացնում քիմիաթերապիայով բուժումը։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալներով՝  ձվարանների քաղցկեղը քաղցկեղի տարածված տեսակների ցանկում ութերորդն է։ Բայց վաղ ախտորոշման դեպքում այն կարելի է լիովին բուժել։

Olaparib-ը արգելակում է պոլի (ԱԴՖ- ռիբոզ) պոլիմերազի  ֆերմենտը (PARP), որը վերականգնում է բջիջներում վնասված ԴՆԹ-ն եւ այս կերպ օգնում է սպանել քաղցկեղային բջիջները։ Երկրորդ դեղամիջոցը՝ cediranib-ը, կանխում է արյան անոթներում առաջացող ուռուցքների աճը։ Արդյունքում, քաղցկեղը կորցնում է ապրելու եւ տարածվելու համար անհրաժեշտ սննդանյութերն ու թթվածինը։

Դեղամիջոցների փորձարկմանը մասնակցել է ձվարանների ագրեսիվ քաղցկեղ ունեցող եւ հիվանդությունից հետո քաղցկեղի ռեցիդիվով  (կրկնությամբ) 90 կին։ Կանաց բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի կանայք ընդունել են միայն olaparib, երկրորդը՝ cediranib-ով համադրություն։ Արդյունքները ցույց են տվել, որ այս երկու դեղամիջոցների համադրությունը ընդունած կանանց 80 %-ի մոտ ուռուցքները նվազել են՝ համեմատած մյուս խմբի (միայն Olaparib ստացած) մասնակիցների 48 %-ի հետ։ Դեղամիջոցների համադրությամբ բուժվող հիվանդներից հինգի մոտ եղել է լրիվ ռեմիսիա (հիվանդության ախտանիշների նվազում), իսկ միայն Olaparib ընդունած հիվանդներից միայն երկուսի մոտ է լրիվ ռեմիսիա արձանագրվել։