Այսօր, երբ գործում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը, ինչի շնորհիվ հնարավորություն է առաջացել կատարել կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգ եւ վաղ շրջանում ախտորոշում, կրծքագեղձի հեռացման եւ միաժամանակյա վերականգման վիրահատությունները դառնում են ավելի տարածված։ Հենց այս պատճառով հունիսի 7-ին Կենտրոնում կազմակերպված գիտաժողովը, ըստ վիրաբույժ-ուռուցքաբան Արթուր Սահակյանի՝ բավականին օգտակար եւ կարեւոր էր։

«Այս մեթոդիկան անհրաժեշտ է կիրառել նաեւ մեզ մոտ։ Կանանց համար նման վիրահատությունները  եւ ֆունկցիոնալ, եւ մենթալ, եւ հոգեբանական առումներով ավելի ընդունելի են։ Եւ պետք է երախտապարտ լինենք մեր ամերիկացի գործընկեր Արթուր Սալիբյանին, որ ժամանակ հատկացրեց գալու եւ կրծքագեղձի քաղցկեղի օրգանապահպան մեթոդի կիրառությունը ներդնելու համար»,-ասաց նա NEWS.am Medicine-ի թղթակցին։

Այսպիսով, ըստ Արթուր Սահակյանի՝ այստեղ կան մի քանի խնդիրներ։ «Շնորհանդեսի ժամանակ Սալիբյանն ասաց, որ վիրահատությունը  կատարվում է բժիշկների երկու խումբ. աշխատում են ուռուցքաբան եւ պլաստիկ վիրաբույժ։ «Օրինակ, ես կարծում եմ, որ կրծքագեղձի քաղցկեղը բուժող բժիշկը պետք է եւ ուռուցքաբան, եւ պլաստիկ վիրաբույժ լինի։ Այդ դեպքում նման վիրահատությունները Հայաստանում ավելի ընդունելի կլինեն»,-ասաց Սահակյանը։ Ըստ նրա՝ մինչեւ տարվա վերջ բժշկության այս բնագավառի ներկայացուցիչները կհստակեցնեն  այս հարցը, որպեսզի նման վիրահատությունները կատարի կամ պլաստիկ վիրաբուժության մեջ խորացված գիտելիքներ ունեցող ուռուցքաբանը, կամ պլաստիկ վիրաբույժը, ով նաեւ ուռուցքաբան է։

«Շատ կորեւոր  է, որ դրանով զբաղվի մեկ մասնագետ։ Հակառակ դեպքում հիվանդի համար շատ դժվար է, երբ իրեն վիրահատում են երկու մասնագետ։ Արդյունքում ստացվում է մի ինչ-որ անհասկանալի գումար։ Բացի այդ, պատասխանատվությունը մի բժշկի ուսերին է. հետո հեշտ կլինի  նրան հարցեր տալ։ Վիրահատությունն ինքնին այնքան էլ բարդ չէ, պարզապես անհրաժեշտ է նման հիվանդներին ուղարկել մեկ կամ երկու կենտրոն՝ որոշակի փորձ ձեռք բերելու համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում տեղի է ունեցել գիտաժողով, որի ժամանակ ցուցադրվել է  կրծքագեղձի վաղ շրջանի քաղցկեղի հեռացման եւ միաժամանակյա վերականգման վիրահատություն։  Վիրահատությունն անցկացրել է ԱՄՆ-ից ժամանած հայտնի բժիշկ Արթուր Սալիբյանը։