Ո՞ր տարիքում է կարելի ատամնաշարն ուղղել։ Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի Օրթոդոնտների Ասոցիացիայի փոխնախագահ, օրթոդոնտ Հայկ Սարգսյանի հետ։
Նրա խոսքով՝ ժամանակակից օրթոդոնտիան չունի տարիքային սահմանափակում, եւ ատամնաշարը կարելի է ուղղել թե մանուկ հասակում, եւ թե մեծ տարիքում։ Մաքսիմալ տարիք այս գործում գոյություն չունի՝ երբեմն նույնիսկ 60 տարեկանում են առանձին ատամների դիրքը ուղղում ։
Սակայն լավագույն արդյունքներին հասնելու համար ցանկալի է, որ ատամնաշարն ուղղելու գործընթացը համընկնի երեխայի բուռն աճի հետ, քանի որ հենց այդ տարիքում, երբ երեխայի ծնոտները աճում եւ զարգանում են, բժիշկը կարող է ոչ միայն ուղղել նրա ատամնաշարը, այլ նաեւ ծնոտների աճը կառավարել:
Ո՞րն է այդ լավագույն տարիքը: Հայկ Սարգսյանի խոսքով՝ ցանկալի է երեխային հետեւել սկսած 7 տարեկանից, երբ նրա մոտ սկսում են աճել առաջին մշտական ատամները՝ հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս կծվածքային խանգարումները, որոնցից շատերը հնարավոր է եւ պետք է բուժել հենց վաղ տարիքում։
«Երբ այդ աճի շրջանն ավարտվում է, մենք արդեն ուղղակի սահմանափակվում ենք առանձին ատամները տեղաշարժելով», - ասաց օրթոդոնտը, ավելացնելով, որ մեծ տարիքում, երբ պացիենտի ծնոտն արդեն ձեւավորված է, բժիշկները երբեմն ստիպված են լինում առանձին ատամներ հեռացնել՝ ատամնաշարն ուղղելու եւ գեղեցիկ դարձնելու համար:
Ի՞նչ այլ վտանգներ կան՝ մեծ տարիքում ատամնաշարն ուղղելու հետ կապված:
Հայկ Սարգսյանի խոսքով՝ մեծ տարիքում ատամնաշարն ուղղելու խնդիրները եւ վտանգները կապված են պարոդոնտի վիճակի հետ. եթե հիվանդը լնդերի հետ կապված խնդիրներ ունի, պետք է նախ բուժել դրանք, ստանալ լնդերի մասնագետի թույլտվությունը եւ հետո նոր ատամնաշարի ուղղմամբ զբաղվել։ Իսկ եթե պացիենտի լնդերն առողջ են եւ ոչ մի խնդիր չկա, ատամնաշարը հնարավոր է ուղղել:
Ո՞ր տարիքի մարդիկ են Հայաստանում ամենից հաճախ դիմում օրթոդոնտներին:
Հայաստանում, Հայկ Սարգսյանի խոսքով, ավելի շատ դիմում են երեխաները եւ մինչեւ 20-30 տարեկան երիտասարդները, բայց վերջերս սկսել են նաեւ ավելի մեծ տարիքի մարդիկ դիմել։






