Այսօր, հունիսի 27-ին, ձկնորսության միջազգային օրն է, եւ այս առիթով NEWS.am Medicine-ը որոշել է պարզել, ինչով է այդքան օգտակար ձուկը, եւ ինչու են խորհուրդ տալիս ուտել բավականին հաճախ՝ շաբաթը երկու-երեք անգամ։

Սիրտ-անոթային համակարգ

Ձկան  միսը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք ուղղակի անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ կենսագործունեության համար։ նրանք նվազեցնում են զարկերակային ճնշումը, արգելակում են թրոմբների գոյացումը եւ կանխում արյան համակարգի մի շարք հիվանդություններ, այդ թվում սրտի եւ ուղեղի կաթվածը։

Օմեգա—ճարպաթթուներ պարունակում են բոլոր ձկները, բայց ամենից շատ՝ սաղմոնը, իշխանը, թյունոսը, սկումբրիան, ձողաձուկը եւ ծովատառեխը։

Ոսկրեր

Ձուկը շատ օգտակար է ոսկրերի համար. Կալցիումի բարձր պարունակության շնորհիվ այն օգնում է ոսկրերը առողջ եւ ամուր պահել։ Դա հատկապես ակտուալ է կանանց համար հետդաշտանադադարի շրջանում, երբ էստրոգենների քանակի նվազման պատճառով նրանց ոսկրերը փխրուն են դառնում։

Շնչառական համակարգ

Ձուկը օգուտ է նաեւ շնչառական համակարգին. Մասնավորապես, համարվում է, որ այն նվազեցնում է ասթմայի առաջացման վտանգը։

Նյութափոխանակություն

Ծովաձուկը շատ յոդ է պարունակում, որն, ինչպես հայտնի է, անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար։ Կալցիումը եւ ձկան մեջ առկա մի շարք այլ նյութեր նույնպես նպաստում են մարսողությանը եւ լավացնում են նյութափոխանակությունը։

Նյարդային համակարգ

Ձկան մեջ պարունակվող կալցիումի աղերը լավացնում են նյարդային համակարգի աշխատանքը եւ ճնշում սթրեսի հորմոնների սինթեզը։

Հղիություն

Ձուկն անհրաժեշտ է բոլոր հղի կանանց, քանի որ մեծ քանակությամբ պարունակում է վիտամիններ, միներալ ներ եւ այլ օգտակար նյութեր, որոնք անհրաժտ են պտղի զարգացման համար։  

Աչքերը

A, E եւ D վիտամինները, որոնցով հարուստ է ձուկը, անհրաժեշտ են տեսողական օրգանների նորմալ գործունեության համար։ Հենց այդ պատճառով էլ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում շատ ձուկ ուտել։

Կազմվածքը

Ձուկը ոչ միայն շատ օգտակար է առողջության համար, այն նաեւ շատ դիետիկ է, քանի որ շատ քիչ վնասակար յուղեր է պարունակում, իսկ նրա սպիտակուցները շատ ավելի հեշտ են մարսվում, քան մսինը։ Բայց այդուհանդերձ չարժե ուտել ձուկը տապակած վիճակում, այն ավելի լավ է պատրաստել գոլորշու վրա կամ ջեռոցում։

Ձուկն ունի նաեւ շատ այլ օգտակար հատկություններ, եւ ուստի այն իսկապես արժե ուտել շաբաթը մի քանի անգամ։ Սակայն ձուկ ընտրելիս, ուշադրություն դարձրեք թարմության վրա, ինչպես նաեւ այն բանի վրա, թե որտեղից է այդ ձուկը, եւ ինչով են նրան կերակրել։