Դեռահասները, որոնք հաճախ են ուտում չիպսեր, աղի թխվածքներ և նման այլ խորտիկներ, կարող են աղիների բորբոքային հիվանդություններ ունենալու հավանականության ավելի բարձր ռիսկ ունենալ։ Ի հակադրություն դրա՝ մանկության և դեռահասության տարիներին մրգերի և ձկան օգտագործումը կապված է այդ հիվանդություններից մի քանիսի առաջացման ավելի ցածր հավանականության հետ։ Այս եզրակացությանն են հանգել Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է նոյեմբերի 23-ին Gut ամսագրում։
Աղիների բորբոքային հիվանդությունները (ԱԲՀ), որոնց թվում են Կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը, քրոնիկական հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են մարսողական տրակտի բորբոքմամբ։ Դրանց տարածվածությունն աճում է, և գիտնականները ենթադրում են, որ դրանում որոշակի դեր կարող են ունենալ արևմտյան սննդակարգի առանձնահատկությունները։
Հետազոտողները վերլուծել են սկանդինավյան երեք խոշոր հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին ծնված գրեթե 112 հազար մարդ։ Մանկության և վաղ դեռահասության շրջանում մասնակիցները մանրամասն տեղեկություններ են տրամադրել իրենց սննդային սովորությունների մասին։ Այնուհետև այդ տվյալները համադրել են մինչև 2024 թվականը գրանցված ախտորոշումների մասին տեղեկությունների հետ։
Պարզվել է, որ մեծ քանակությամբ աղի խորտիկներ օգտագործող դեռահասների շրջանում ԱԲՀ զարգացման հավանականությունը 32 տոկոսով ավելի բարձր էր, քան դրանք ավելի քիչ օգտագործողների շրջանում։ Խոցային կոլիտի հետ կապն ավելի ուժեղ էր. այս հիվանդության հավանականությունը բարձր է եղել 51 տոկոսով։
Միևնույն ժամանակ, դեռահասության շրջանում մեծ քանակությամբ մրգերի օգտագործումը կապված էր Կրոնի հիվանդության ռիսկի 64 տոկոսով նվազման հետ։ Սակայն խոցային կոլիտի դեպքում հետազոտողները նման կապ չեն հայտնաբերել։ Այն երեխաների շրջանում, որոնք ավելի հաճախ են ձուկ կերել, Կրոնի հիվանդության ռիսկը 35 տոկոսով ավելի ցածր է եղել։ Նման կապ նկատվել է մանկության, բայց ոչ դեռահասության շրջանում ձուկ օգտագործելու դեպքում։
Հեղինակներն ընդգծել են, որ հետազոտությունը բացահայտել է վիճակագրական կապեր, սակայն չի ապացուցել, որ հենց սննդային սովորություններն են հիվանդություններ առաջացնում կամ կանխում դրանց զարգացումը։
Այնուամենայնիվ, արդյունքները կարող են կենսաբանական բացատրություն ունենալ։ Մրգերը հարուստ են սննդային բջջանյութով, որը նպաստում է աղիքային միկրոբիոմի բազմազանությանը։ Օգտակար միկրոօրգանիզմներն այդ ընթացքում արտադրում են կարճաշղթա ճարպաթթուներ, որոնք կարող են հակաբորբոքային ազդեցություն ունենալ։
Աղի խորտիկները, ընդհակառակը, կարող են մեծ քանակությամբ հագեցած ճարպեր պարունակել, որոնք, նախորդ հետազոտությունների համաձայն, կարող են խթանել բորբոքմանը նպաստող իմունային ռեակցիաները։










