Հետազոտությամբ պարզվել է, որ սրտի եւ թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունեցող մարդիկ դեմքին սահմանափակ արտահայտություններ տալու կարողություն ունեն: Մասնավորապես, զարմանքի արտահայտությունը մեծ դժվարությամբ է նրանց տրվում: Մասնագետները ենթադրում են, որ հիշյալ եզրահանգումը կարող է օգտակար լինել շտապ օգնության բաժանմունքի բժիշկների համար, որպեսզի ավելի արագ կողմնորոշվեն, թե հիվանդներից որն ավելի հրատապ օգնության եւ հատկապես ինչ հետազոտությունների կարիք ունի, հաղորդում է Medical Daily-ն:
Հետազոտության շրջանակում միջինը 52 տարեկան 50 մասնակիցների (30 տոկոսը՝ կանայք) դեմքի արտահայտության փոփոխմանը միտված նկարներ են առաջարկվել, որոնց արձագանքը նկարահանվել եւ մանրազննին ուսումնասիրության է ենթարկվել՝ դիմային մկանների՝ ժպիտ, խոժոռվածություն եւ զարմանք արտահայտելու կարողությունը սուգելու նպատակով: Միաժամանակ մասնակիցների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվել՝ ըստ հիվանդությունների դասակարգման համար: Փորձագետների ուշադրության կենտրոնում, մասնավորապես, սրտի եւ թոքի հետ կապված առողջական խնդիրներն են եղել՝ պսակաձեւ զարկերակի հիվանդությունները, թոքերում՝ արյան կուտակումները, թոքերի բորբոքումը եւ այլն:
Համեմատելով տվյալները՝ գիտնականներն այն եզրահանգման են եկել, որ վերոհիշյալ բնույթի առողջական խնդիրներ ունեցող մարդիկ դեմքի արտահայտությունը փոխելու սահմանափակ կարողություն են դրսեւորում: Մասնավորապես, զարմանք ցուցադրելու համար հիվանդների դիմային մկանները խիստ սահմանափակ եւ աղավաղված փոփոխությունների են ընդունակ:
Փորձագետները նաեւ շտապ օգնության բաժանմունքների աշխատակիցների շրջանում են հետազոտություն իրականացրել՝ պարզելու համար, թե ինչպես են նրանք առավել հրատապ օգնության կարիք ունեցող հիվանդների ընտրության հարցում կողմնորոշվում: Արդյունքում պարզվել է, որ բժիշկների միակ կողմնորոշիչը, հիվանդության պատմությունից բացի, հիվանդի կողմից դրսեւորվող «ակնառու» ախտանշաններն են, եւ այն, թե ինչպես է նա իրեն զգում:
Գիտնականները հույս ունեն, որ երկարամյա հետազոտության արդյունքներն օգտակար կլինեն բժիշկներին՝ շտապ օգնության կարիք ունեցող հիվանդներիառավել արդյունավետ դասակարգում իրականացնելու համար:






