Շվեյցարական Novartis դեղագործական ընկերությունը, Google ընկերության հետ համատեղ, արյան մեջ շաքարի բաղադրությունը որոշող եւ աչքի օպտիկական ֆոկուսավորումը վերականգնող կոնտակտային լինզաներ կթողարկի, հաղորդում է NewsMax Health-ը:

Սարքի առաջին տարբերակը աշխարհի՝ շաքարախտով հիվանդ 382 մլն բնակիչներին օգտակար կլինի, թեեւ շաքարի բաղադրությունը ավտոմատ որոշող սարքերի պակաս վաղուց արդեն չի նկատվում: Ըստ կանխատեսումների, շուկայի տարեկան շրջանառութան ծավալները 2017թ.-ին կարող են 12 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը հատել: Այդուհանդերձ, Novartis-ի առաջարկած տարբերակը գրեթե աննկատ է աշխատում. այն արցունքի օգնությամբ օրգանիզմում առկա շաքարի բաղադրությունը որոշելու եւ ստացված տվյալները որեւէ շարժական սարքի փոխանցելու ծրագրավորում ունի:

Երկրորդ տարբերակով աշխատող սարքը պրեսբիոպիայով (ծերունական հեռատեսություն) տառապող մարդկանց համար է նախատեսված, որոնք մոտ տարածության վրա գտնվող իրերը «ֆոկուսի» բերելու հետ կապված խնդիրներ ունեն: Նորարարության հեղինակները վստահ են, որ տեսախցիկների նման՝ ինքնաֆոկուսավորման գործառույթ իրականացնող «խելացի» կոնտակտային լինզաների օգնությամբ խնդրին ի սպառ լուծում կտրվի:

Սարքը, բնականաբար, տարատեսակ սենսորներով, միկրոչիպերով եւ այլ միկրոսկոպիկ սարքավորումներով է զինված լինելու: Google-ի հետ համաձայնեցված գործարքի ֆինանսական մանրամասները չեն ճշտվում:

Հարկ է նշել, որ տեխնոլոգիական ոլորտի մյուս հսկաները՝ Apple եւ Samsung ընկերությունները եւս ակտիվորեն քրոնիկ հիվանդությունների վերահսկմանն ուղղված տարատեսակ նախագծեր են ձեռնարկում:

Ինչ վերաբերում է «խելացի» լինզաներին, ապա դրանց մուտքը շուկա մոտակա հինգ տարիների ընթացքում կգրանցվի: