Արյան մեջ շաքարի մշտապես բարձր մակարդակը կարող է մեծացնել «սառած ուսի» առաջացման հավանականությունը՝ վիճակ, որի դեպքում ցավն ու կարկամումն աստիճանաբար սահմանափակում են ձեռքի շարժումները, գրել է The Conversation-ը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռիսկը հատկապես բարձր է շաքարային դիաբետ ունեցող մարդկանց շրջանում, հնարավոր բացատրությունը կապված է կոլագենի՝ հյուսվածքների ամրությունն ու առաձգականությունն ապահովող սպիտակուցի փոփոխությունների հետ։
Ենթադրվում է, որ «սառած ուսը» կամ ադգեզիվ կապսուլիտն առաջանում է մարդկանց 2–5 տոկոսի մոտ և առավել հաճախ հանդիպում է 40–60 տարեկանում։ Կանանց շրջանում այն ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց։ Հիվանդությունը կարող է առաջանալ նաև վնասվածքից կամ վիրահատությունից հետո, եթե մարդը երկար ժամանակ չի շարժում ձեռքը, սակայն հաճախ հստակ պատճառը պարզել չի հաջողվում։
Սովորաբար առաջին ախտանիշը ցավն է, հատկապես գիշերը։ Այնուհետև ուսն աստիճանաբար կորցնում է շարժունակությունը։ Հոդապատիճը՝ ուսահոդը շրջապատող առաձգական հյուսվածքը, հաստանում և ավելի խիտ է դառնում։ Արդյունքում՝ մարդը դժվարանում է բարձրացնել ձեռքը, վերարկու հագնել կամ բարձր դարակից որևէ առարկա վերցնել։ Նույնիսկ երբ բժիշկն է փորձում շարժել հիվանդի ձեռքը, շարժումները մնում են սահմանափակ։ Վերականգնումը հնարավոր է, սակայն երբեմն ամիսներ կամ տարիներ է տևում։
Հիվանդության կապը շաքարային դիաբետի հետ հաստատվում է մի շարք հետազոտություններով։ Դրանցից մեկում, որը հրապարակվել է 2014 թվականին, առաջին տեսակի դիաբետ ունեցող մասնակիցների գրեթե մեկ երրորդը հայտնել է, որ նախկինում ունեցել է «սառած ուս»։ Նրանք շաքարային դիաբետով ապրում էին միջինը մոտ 31 տարի։ Գենետիկական տվյալների օգտագործմամբ 2021 թվականին կատարված հետազոտությունը նույնպես վկայություններ է հայտնաբերել այն մասին, որ առաջին տեսակի դիաբետը մեծացնում է այս վիճակի զարգացման ռիսկը։
2024 թվականի հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են բրիտանական UK Biobank կենսաբանկի գրեթե 380 հազար մասնակիցների տվյալները։ Արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ շաքարի մակարդակի երկարատև բարձրացումն ինքնին կարող է նպաստել «սառած ուսի» առաջացմանը։ Գլյուկոզայի երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար հետազոտողներն օգտագործել են արյան մեջ դրա խտության հետ կապված գենետիկական առանձնահատկությունները։
Հնարավոր մեխանիզմներից մեկը կապված է կոլագենի հետ։ Շաքարները կարող են քիմիական ռեակցիաների մեջ մտնել այս սպիտակուցի հետ՝ առաջացնելով միացություններ, որոնք միմյանց են կապում կոլագենային մանրաթելերը։ Արդյունքում՝ հյուսվածքները դառնում են պակաս առաձգական և ավելի կոշտ։ Ուսի վիրահատությունների ժամանակ ստացված հյուսվածքային նմուշների փոքրածավալ հետազոտության ընթացքում նման միացություններն ավելի մեծ քանակությամբ են հայտնաբերվել «սառած ուս» ունեցող մարդկանց մոտ, քան ուսահոդի այլ հիվանդություններ ունեցողների։ Սակայն դեռևս պարզված չէ՝ արդյոք դրանք կուտակվում են մինչև ախտանիշների ի հայտ գալը և արդյոք անմիջականորեն են առաջացնում կարկամում։
Հետազոտողները նաև գենետիկական կապ են հայտնաբերել «սառած ուսի» և Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի միջև՝ հիվանդություն, որի դեպքում ափի հյուսվածքները հաստանում են և ձգում մատները՝ դժվարացնելով դրանց ուղղումը։ 2021 թվականի հետազոտության ընթացքում հայտնաբերվել է «սառած ուսի» կապը ԴՆԹ հինգ հատվածների հետ։ Ամենաուժեղ կապը հայտնաբերվել է WNT7B գենի հարևանությամբ, որը մասնակցում է բջիջների միջև ազդանշանների փոխանցմանը։
ԴՆԹ նույն հատվածը նախկինում կապել էին Դյուպյուիտրենի կոնտրակտուրայի հետ։ Բացի այդ, արյան մեջ շաքարի մակարդակի հետազոտությունը ցույց է տվել, որ դրա երկարատև բարձրացումը կարող է մեծացնել նաև այս հիվանդության առաջացման ռիսկը։










