Մինչ այժմ համոզմունք կար, որ սթրեսի միակ օգտակար հատկանիշն այն է, որ կարող է, ապագայում ի հայտ գալիք վտանգավոր իրադրությունների ազդեցությունից զերծ պահելու նպատակով, օրգանիզմի նախավարժանք ապահովել: Սակայն, ինչպես բոլորովին վերջերս՝ լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների արդյունքում է պարզվել, սթրեսը կարող է նաեւ մաշկի գրգռվածության դեմ պայքարի արդյունավետ միջոց ծառայել, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության շրջանակում մաշկի գրգռիչների՝ օճառի, թունավոր բաղեղի եւ էկզեմայի ազդեցությանը ենթարկված մկներին երկու խմբի են բաժանել՝ սթրեսային իրադրության արդյունավետության համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով: Առաջին խմբում ներառված մկներին օրը 18 ժամ, շաբաթը 4 օր փոքր տարածքների մեջ են պահել, ինչը կարող է սուր սթրեսի առաջացման պատճառ դառնալ:

Սթրեսի այս տեսակը, չափավոր կիրառման դեպքում, նախ եւ առաջ այնքանով է անվտանգ, որ երկար չի տեւում: Գիտնականնեըը պարզել են, որ, ի տարբերություն երկրորդ խմբում ներառված լաբորատոր մկների, սթրեսի ենթարկված կենդանիները, ստերոիդ հորմոնների՝ գլյուկոկորտիկոիդների հակաբորբոքային ազդեցությամբ, ավելի արագ են ապաքինման նշաններ ցույց տվել:

«Քրոնիկ սթրեսի պարագայում այդ բնական ստերոիդները նորմալ մաշկի պաշտպանական գործառույթները խախտելու եւ ապաքինումը կանխելու հատկանիշները են դրսեւորում, սակայն սթրեսի՝ առավել կարճ միջակայքերով ազդեցությամբ կարող են իրենց հակաբորբոքային ներուժը դրսեւորել», -  նշել է հետազոտության ղեկավար, Սան Ֆրանցիսկոյի VA բժշկական կենտրոնի մաշկաբանության բաժնի պրոֆեսոր դոկտոր Պիտեր Էլիսասը՝ հավելելով, որ ասվածը թե մկներին, եւ թե մարդկանց է վերաբերում:

Իսկ ի՞նչ է սթրեսն իրենից ներկայացնում: Խոսքն այն վիճակի մասին, որ կարող է բարկությամբ, անհանգստությամբ, դեպրեսիայի առկայությամբ, ինչպես նաեւ մկանների, մեջքի ու ստամոքսի ցավով բնորոշվել եւ արյան բարձր ճնշման պատճառ դառնալ: Ախտանշանների երկարատեւության պարագայում սուր սթրեսը կարող է քրոնիկ սթրեսի վերածվել: