Սոցցանցերում կարելի է բազմաթիվ զույգերի հանդիպել, որոնք գրառումների միջոցով միմյանց հավիտյան սեր են խոստանում: Օլբրայթի համալսարանականների եզրահանգմամբ, նրանցից ոմանք այդ քայլին են դիմում՝ հարաբերություններով պարծենալու եւ զուգընկերոջ գործունեությանը հետեւելու նպատակով: Բացի այդ, հրապարակավ բարձրաձայնված գրառումները մերժված լինելու վախն են մեղմում, գրում է Medical News Today-ը: Ընդ որում, իրենց անձնական կյանքին վերաբերող տվյալների հրապարակմամբ առավել հաճախ անոմալ բարձր ինքնագնահատական ունեցող, նեւրոտիկ եւ ինտրովերտ օգտատերերն են զբաղվում:

Հետազոտության հեղինակները, մասնավորապես, Facebook սոցիալական կայքի օգտատերերի շրջանում են հարցում անցկացրել՝ նրանց գաղտնապահության, բարեխղճության, էքստրավերսիայի, զիջողականության մակարդակը եւ նյարդային վիճակը պարզելու նպատակով: Վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ երջանիկ զույգերը հաճախ են իրենց լուսանկարներն ու հարաբերություններին վերաբերող մանրամասները սոցցանցերում տեղակայում: Սակայն նույն քայլին կարող են նաեւ հարաբերությունների որակից կախված՝ անոմալ բարձր ինքնագնահատական ունեցող օգտատերերը դիմել:  Անձնական կյանքին վերագրվող խնդիրները նրանց, ցածր ինքնագնահատական ունեցող մարդկանց հետ համեմատությամբ, կարող են առավել մեծ հարված հասցնել, ինչը ստիպում է ցույց տալ բոլորին, զուգընկերոջն ու սեփական անձին, թե հարաբերությունների հետ կապված բացարձակապես ոչ մի խնդիր չունեն: 

Նյարդային վիճակում գտնվող օգտատերերն էլ զուգընկերոջը վերահսկելու եւ իրենց հարաբերություններն ի ցույց դնելու նպատակով են Facebook-ից օգտվում: Նեւրոտիկները, որպես կանոն, խանդոտ բնավորությամբ են աչքի ընկնում եւ այդ կերպ փորձում են հարաբերություններով պայմանավորված տագնապի զգացումը մեղմել: Էքստրավերտ օգտատերերը գրեթե չեն վերահսկում իրենց զուգընկերոջը եւ հազվադեպ են անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակում, ինչը չի կարելի ինտրովերտների մասին ասել: