Հայաստանում կատարում են գենետիկական հետազոտություն կրծքագեղձի քաղցկեղի հավանակությունը որոշելու համար, սակայն կրծքի կանխարգելիչ հեռացումը Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը անիմաստ է համարում։

Դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ համապատասխան ԴՆԹ թեստեր անում են Գենետիկայի կենտրոնում, սակայն այսօր արտասահմանում տարածված կրծքի նախապես հեռացումը հիվանդությունից խուսափելու համար կոչեց ուղղակի PR-ակցիա։

«Հեռացնել կուրծքը գենետիկ հակվածության դեպքում՝ անիմաստ է, կարելի է տարին մեկ անգամ հետազոտվել, եւ եթե ուռուցքը շուտ է հայտանբերվում, ապա կատարվում է սեկտորալ ռեզեկցիա կրծքագեղձի պահպանմամբ», - ասաց նա։ Ըստ Գ. Բազիկյանի, ժառանգականության գործոնը քաղցկեղի դեպքում 10-15% է կազմում, իսկ եթե հիվանդությունը կրկնվում է մեկ ընտանիքում, ապա դրա պատճառները կարող են լինել ընտանիքի սոցիալական վիճակը, կամ սննդակարգը։

Պատասխանելով այն հարցին, որ շատ քաղցկեղով հիվանդներ այսօր ձգտում են մեկնել բուժման արտասահման, եւ տեղի բժիշկներն են նրանց խորհուրդ տալիս, Բազիկյանը նշեց, որ բժիշկները չեն այդպիսի խորհուրդ տալիս, հիվանդները իրենք են նման որոշում կայացնում ապաքինվելու հույս ունենալով։

«Մենք կապեր ունենք եւ համագործակցում ենք տարբեր երկրների հետ, անընդհատ մասնակցում ենք տարբեր սեմինարների եւ տեղյակ ենք, թե ինչ են անում արտերկրում: Այլ հարց է, որ նրանց հիվանդանոցները տեխնիկապես ավելի հագեցած են, բայց այն գումարները, որոնք ծախսվում են Գերմանիայում բուժման վրա ուղղակի անհամեմատելի են այստեղ ծախսվող գումարների հետ»,- ասաց Գ. Բազիկյանը, նշելով, որ յուրաքանչյուր տարի ստեղծվում են նոր քիմիական հակաուռուցքային դեղամիջոցներ, որոնք շատ թանկ արժեն, եւ մեր պետությունն ի վիճակի չէ այդպիսի գումարներ վճարել: Ըստ նրա, Գերմանիայում քիմիոթերապիայի մեկ կուրսն  արժե 25 000-ից 30 000 եվրո, մեկ վիրահատությունը՝  60 000, եւ մարդիկ կան, ովքեր ի վիճակի են վճարել այս գումարները: