Շվեդիայի Գյոթեբորգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ատամները փոխարինելու համար օգտագործվող ատամնաբուժական իմպլանտները շարունակում են գործել տասնամյակներ անց: Տեղադրումից գրեթե 40 տարի անց բոլոր ուսումնասիրված իմպլանտները մնացել են տեղում եւ լիովին գործել են: Աշխատանքը հրապարակվել է Clinical Implant Dentistry and Related Research (CIDRR) ամսագրում:
Հետազոտությունն աշխարհում ատամնաբուժական իմպլանտների միակ ամենաերկար դիտարկումն է: Այն ներառել է պացիենտների մի փոքր խումբ, որոնց իմպլանտներ են ստեղադրել 1982-1985թթ.:
Իմպլանտները ստեղծվել են պրոֆեսոր Պեր-Ինգվար Բրենեմարկի աշխատանքների հիման վրա, որը հայտնաբերել է տիտանի հետ ոսկորների միաձուլման գործընթացը: Այս հայտնագործությունը միլիոնավոր պացիենտների հնարավորություն է տվել փոխարինել կորցրած ատամները հուսալի եւ ամուր ձեւով: Իմպլանտներ տեղադրած 16 պացիենտից հետազոտությանը մասնակցել է 13 մարդ՝ 18 իմպլանտով:
«Տպավորիչ է, որ մեկ հատ իմպլանտն այդքան երկար է «աշխատել»,- նշել է պրոթեզիստ եւ Գյոթեբորգի համալսարանի ավագ դասախոս Սարգոն Բարկարմոն: «Չնայած նմուշի փոքր չափին՝ արդյունքները ցույց են տալիս, որ իմպլանտները մնում են տեղում, իսկ դրանց շուրջ ոսկորը գրեթե անփոփոխ է մնում 40 տարվա ընթացքում»:
Իմպլանտը տիտանից պատրաստված արհեստական ատամի արմատ է, որը տեղադրվում է ծնոտի ոսկորի մեջ եւ դառնում ատամի կայուն հիմք։
Միեւնույն ժամանակ, իմպլանտների շապիկներն ավելի քիչ են ծառայել. 40 տարի անց պահպանվել է բնօրինակների միայն 60 տոկոսը, շատերը փոխարինվել են մեկ կամ մի քանի անգամ:
«Հիմնականում դրանք փոխարինվել են էսթետիկ նկատառումներով, այլ ոչ թե կոտրվելու պատճառով։ Ապագայում իմպլանտների բուժումը կարող է բարելավվել՝ նոր նյութեր մշակելով», ավելացրել է հետազոտության համահեղինակ Յան Կովարը:
Գիտնականները նշել են, որ իմպլանտների հին համակարգերը, որոնք ապացուցել են իրենց բարձր արդյունավետությունը, այլեւս հասանելի չեն շուկայում: Դրանք փոխարինվում են նոր տեխնոլոգիաներով, որոնք արագ փոխարինում են միմյանց՝ չնայած նախորդ մեթոդների ապացուցված հաջողությանը:
Հետազոտողների կարծիքով՝ իրենց աշխատանքի արդյունքները հաստատում են, որ լավ պլանավորված վիրաբուժական տեխնիկայի միջոցով տեղադրված իմպլանտները, որոնք ապաքինման բավականաչափ ժամանակ են անցնում, ունեն գերազանց երկարակեցություն։
«Այսօր տարածված են մեթոդներ, որոնք արագացնում են բուժումն ու ապաքինումը»,- ամփոփել է Բարկարմոն։ «Բայց այդ մոտեցումները նույնպես երկարատեւ հետազոտություններ են պահանջում, որպեսզի համոզվենք դրանց արդյունավետության մեջ։






