Քորնելի համալսարանի գիտնականները պարզել են, որ AMY1 գենի բազմաթիվ պատճեններ ունեցող մարդիկ ենթակա են կարիեսի առաջացման վտանգին օսլայով մթերքներ օգտագործելու հետեւանքով, ինչպիսին են կարտոֆիլը, հացը եւ եգիպտացորենը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Microorganisms ամսագրում։

Գիտնականները 31 մարդու թքի նմուշներ են հավաքել, որոնց ԴՆԹ-ում AMY1-ի տարբեր թվով պատճեններ են եղել, եւ դրանց մեջ օսլա են ավելացրել՝ տեսնելու համար, թե ինչպես է փոխվել բակտերիաների բաղադրությունը: Պարզվել է, որ երբ AMY1-ի մի քանի պատճենների առկայության դեպքում օսլան զգալիորեն նվազեցրել է երկու բակտերիաների՝ Atopobium-ի եւ Veillonella-ի քանակը, ստրեպտոկոկերի մասնաբաժինը մեծացել է:

Հետազոտողների խոսքով՝ բակտերիաների բոլոր երեք տեսակներն էլ կապված են բերանի խոռոչի հիվանդությունների հետ, սակայն ստրեպտոկոկը մեծ դեր է խաղում կարիեսի առաջացման գործում։

Նշվել է, որ բերանի խոռոչի միկրոբիոմը զարգացել է AMY1-ի պատճենների քանակի աճին զուգահեռ: Այդ գենի բազմաթիվ օրինակներ են հայտնաբերվել օսլա պարունակող մթերքների մշակման վրա հիմնված գյուղատնտեսության երկար պատմություն ունեցող պոպուլյացիաներում:

Գիտնականները նշել են, որ AMY1-ի պատճենումն օգնում է արդյունավետորեն տրոհել օսլան՝ ավելի  շատ սննդարար նյութեր ստանալով այդ ածխաջրով հարուստ սննդից։ Սակայն նման «ընկալունակությունը» կարող է հանգեցնել ստրեպտոկոկերի պոպուլյացիայի մեծացման, որոնք սնվում են օսլայում պարունակվող շաքարով։