Միջազգային գիտնականների խումբը մշակել է նոր սպիտակուցային գել, որը կարող է վերականգնել վնասված ատամի էմալը և ամրացնել առողջ էմալը՝ կանխելով խոռոչների առաջացումը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Communications (NatCom) հանդեսում։

Արտադրանքը կարող է կիրառվել ատամների վրա ինչպես սովորական ֆտորային ծածկույթները, սակայն այն ֆտոր չի պարունակում։ Դրա փոխարեն այն գործում է՝ ընդօրինակելով երեխաների էմալի աճը կարգավորող բնական սպիտակուցները։

Կիրառելուց հետո գելը միկրոճաքերը և ծակոտիները լցնող բարակ, դիմացկուն շերտ է ձևավորում։ Այն ծառայում է որպես «կմախք» նոր հանքայնացված հյուսվածքի աճի համար՝ օգտագործելով թքի մեջ պարունակող կալցիումը և ֆոսֆատները։ Արդյունքում բնական էմալի ձևավորմանը նման գործընթաց է սկսում՝ վերականգնելով դրա կառուցվածքը և ամրությունը։

Գիտնականները նշում են, որ նոր նյութը կարող է օգտագործվել ոչ միայն էմալի վերականգնման, այլև բաց դենտինի ծածկման համար, ինչը կարող է նպաստել ատամի գերզգայունության բուժման և բարելավել ատամնալիցքերի և պրոթեզների շղթայակցումը։

«Էմալն ունի յուրահատուկ միկրոկառուցվածք, որը ատամներին հնարավորություն է տալիս դիմակայել մեխանիկական, քիմիական և ջերմային սթրեսին իրենց ողջ կյանքի ընթացքում,- պարզաբանում է հետազոտության համահեղինակ դոկտոր Աբշար Հասանը: -Մեր նյութը խթանում է բյուրեղների աճը, որոնք ինտեգրվում են բնական հյուսվածքի մեջ՝ ամբողջությամբ վերականգնելով առողջ էմալի ճարտարապետությունը: Երբ փորձարկվել է ծամելու և թթվային սննդի ազդեցությանը նմանակող պայմաններում, վերականգնված էմալը վարվել է ճիշտ այնպես, ինչպես բնական էմալը»:

Ըստ հետազոտության գլխավոր հեղինակ, պրոֆեսոր Ալվարո Մատայի՝ տեխնոլոգիան մշակվել է կլինիկական պրակտիկան հաշվի առնելով. այն անվտանգ է, հեշտ օգտագործման և հարմար է զանգվածային արտադրության համար: Գիտնականներն արդեն հիմնադրել են Mintech-Bio ստարտափը, որը զբաղվելու է մշակման առևտրայնացմամբ: Առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է հաջորդ տարի: