Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի առաջին էական տարբերությունները տղամարդկանց և կանանց միջև ի հայտ են գալիս արդեն մոտ 35 տարեկանից: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները։ Աշխատությունը հրապարակվել է Journal of the American Heart Association-ում:
Գիտնականները միջինում 34 տարի շարունակ հետևել են 5112 մարդու առողջական վիճակին՝ արձանագրելով ինֆարկտի, ինսուլտի և սրտային անբավարարության բոլոր դեպքերը։ Ծրագրի մեկնարկի պահին՝ 1980-ականների կեսերին, մասնակիցները 18-ից 30 տարեկան են եղել։ Փորձարկվողների հիվանդության պատմության մեջ սիրտ-անոթային հիվանդություններ չեն եղել։
Վերլուծությունը ցույց է տվել, որ հենց 35 տարեկան տղամարդկանց շրջանում է նկատվում սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի «թռիչք», մինչդեռ կանանց մոտ նման կապ չի դիտարկվել։ Այս ճեղքվածքի հիմնական պատճառը սրտի իշեմիկ հիվանդությունն է՝ վիճակ, երբ ճարպային վահանիկները նեղացնում կամ փակում են պսակաձև զարկերակները՝ մեծացնելով ինֆարկտի հավանականությունը։
Նույնիսկ ավանդական ռիսկի գործոնները՝ զարկերակային ճնշումը, խոլեստերինի և գլյուկոզայի մակարդակը, ծխելը, ֆիզիկական ակտիվությունը և մարմնի զանգվածը հաշվի առնելուց հետո, սեռերի միջև տարբերությունները պահպանվել են։ Սա մատնանշում է լրացուցիչ մեխանիզմների առկայությունը, որոնք ազդում են ռիսկի վրա։
Գիտնականների տվյալներով՝ տղամարդիկ սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության 5 տոկոսանոց մակարդակին հասնում են մոտ յոթ տարի ավելի շուտ, քան կանայք՝ միջինում 50,5 տարեկան՝ 57,5-ի դիմաց։ Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում տարբերությունն է՛լ ավելի ընդգծված է. տղամարդկանց մոտ հիվանդացության 2 տոկոսանոց մակարդակն արձանագրվում է մոտ տասը տարի ավելի շուտ։
Միևնույն ժամանակ, տղամարդկանց և կանանց միջև ինսուլտի ռիսկի էական տարբերություններ չեն հայտնաբերվել, իսկ սրտային անբավարարության հավանականության աճը տղամարդկանց մոտ սկսել է ի հայտ գալ ավելի ուշ տարիքում։ Հետազոտողները նշում են, որ ընտրանքը մնացել է համեմատաբար երիտասարդ, քանի որ վերջին դիտարկման պահին մասնակիցները դեռ չէին բոլորել 65 տարին։
Հեղինակները կարծում են, որ ստացված տվյալները մատնանշում են տղամարդկանց մոտ սիրտ-անոթային ռիսկերի ավելի վաղ սքրինինգի անհրաժեշտությունը։ Սրտային հիվանդությունները ձևավորվում են տասնամյակների ընթացքում, և երիտասարդ տարիքում ռիսկի գործոնների հայտնաբերումը կարող է օգնել նվազեցնել ինֆարկտի և այլ բարդությունների հավանականությունն ապագայում։






