Սեռական հասունացումը կարող է էականորեն փոփոխել օրգանիզմի էպիգենետիկ մեխանիզմները՝ ազդելով այն բանի վրա, թե արդյոք դեռահասի մոտ կուժեղանա, թե, ընդհակառակը, կնվազի ինսուլինակայունությունը։ Նման եզրահանգման են եկել հետազոտողները, ովքեր ուսումնասիրել են երեխաների մոտ առկա ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխությունները՝ մանկությունից դեռահասություն անցման շրջանում։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Cardiovascular Diabetology ամսագրում։

Ինսուլինակայունությունը վիճակ է, որի դեպքում օրգանիզմի բջիջներն ավելի թույլ են արձագանքում ինսուլինին և վատ են յուրացնում գլյուկոզան։ Սա մետաբոլիկ համախտանիշի, երկրորդ տիպի շաքարախտի և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման առանցքային գործոններից մեկն է։ Երեխաների մոտ այն հաճախ կապված է ճարպակալման հետ և կարող է պահպանվել նաև չափահաս տարիքում։

Հետազոտությունը հանդիսանում է PUBMEP նախագծի մի մասը, որի շրջանակներում դիտարկվել են՝ նախասեռահասունացման տարիքից մինչև սեռական հասունացման շրջանում գտնվող իսպանացի երեխաները։ Գիտնականները վերլուծել են նյութափոխանակության ցուցանիշները, ինսուլինի և գլյուկոզայի մակարդակը, ինչպես նաև էպիգենետիկ փոփոխությունները (առաջին հերթին՝ ԴՆԹ-ի մեթիլացումը, որը կարգավորում է գեների ակտիվությունը)։

Վերլուծությունը ցույց է տվել, որ սեռական հասունացման շրջանը կարևոր «պատուհան» է ապագա մետաբոլիկ ռիսկերի ձևավորման համար։ Որոշ դեռահասների մոտ ԴՆԹ-ի մեթիլացման փոփոխություններն ուղեկցվել են ինսուլինակայունության ուժեղացմամբ, մինչդեռ մյուսների մոտ, ընդհակառակը, նկատվել է դրա նվազում։ Գիտնականները հայտնաբերել են ԴՆԹ-ի շուրջ 120 հատված, որտեղ էպիգենետիկ փոփոխությունները կապված են եղել վիճակի զարգացման այս տարբեր հետագծերի հետ։

Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այն փաստը, որ ինսուլինակայունության վատթարացումն ուղեկցվել է ԴՆԹ-ի մեթիլացման բարձր մակարդակով, մինչդեռ վիճակի բարելավումն ավելի հաճախ նկատվել է նույն հատվածներում մեթիլացման նվազման դեպքում։ Հայտնաբերված էպիգենետիկ մարկերներից մի քանիսը տեղակայված են եղել այն գեներում, որոնք կապված են նյութափոխանակության կարգավորման, անոթային ազդանշանների և թթվածնի մակարդակի նկատմամբ բջիջների արձագանքի հետ։

Բացի այդ, այս էպիգենետիկ փոփոխությունների մի մասը կապված է եղել ոչ միայն ինսուլինակայունության, այլև սիրտ-մետաբոլիկ ռիսկի այլ գործոնների հետ՝ զարկերակային բարձր ճնշման, արյան մեջ շաքարի մակարդակի և ճարպային զանգվածի կուտակման։ Սա վկայում է այն մասին, որ միևնույն մոլեկուլային մեխանիզմները կարող են ընկած լինել միաժամանակ մի քանի մետաբոլիկ խանգարումների հիմքում։

Ըստ հետազոտողների՝ ստացված արդյունքները ցույց են տալիս, որ դեռահասության տարիքը կարող է առանցքային ժամանակահատված դառնալ ապագա հիվանդությունների կանխարգելման համար։ Եթե նյութափոխանակության հետ կապված էպիգենետիկ փոփոխությունները հնարավոր լինի հայտնաբերել վաղ փուլերում, ապա դա թույլ կտա բացահայտել դիաբետի և մետաբոլիկ այլ խանգարումների բարձր ռիսկ ունեցող երեխաներին և կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել զգալիորեն ավելի վաղ տարիքում։