Նոթինգհեմի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի սպիտակուց, որը վճռորոշ նշանակություն ունի մալարիայի մակաբույծի բազմացման և փոխանցման համար։ Խոսքը Aurora-related kinase 1 (ARK1) մոլեկուլի մասին է, առանց որի հիվանդության հարուցիչն ի վիճակի չէ ավարտել իր կենսապտույտը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications (NatCom) ամսագրում։
Հետազոտողները ուսումնասիրել են մալարիայի պլազմոդիումի՝ մալարիա առաջացնող մակաբույծի բաժանման առանձնահատկությունները։ Ի տարբերություն մարդկային բջիջների, այս միկրոօրգանիզմը բազմանում է արտասովոր եղանակով։ Գիտնականները պարզել են, որ ARK1 սպիտակուցը առանցքային դեր է խաղում այն մոլեկուլային մեխանիզմի կազմակերպման գործում, որը գենետիկական նյութ է բաշխում մակաբույծի նոր բջիջների միջև։
Սպիտակուցի գործառույթը ստուգելու համար գիտնականները լաբորատոր պայմաններում անջատել են ARK1-ը: Դրանից հետո մակաբույծները կորցրել են բնականոն բաժանվելու ունակությունը, ռեպլիկացիայի գործընթացը խաթարվել է, իսկ օրգանիզմի զարգացումը՝ կանգ է առել:
Արդյունքում, առանց ARK1-ի պլազմոդիումները չեն կարողացել ավարտել իրենց կենսապտույտը ո՛չ մարդու օրգանիզմում, ո՛չ էլ վարակի փոխանցող մոծակի օրգանիզմում: Սա նշանակում է, որ առանց այս սպիտակուցի մակաբույծն ի վիճակի չէ տարածել հիվանդությունը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ մալարիայի պլազմոդիումի ARK1 սպիտակուցի կառուցվածքն էականորեն տարբերվում է մարդկային բջիջների նմանատիպ սպիտակուցներից: Դա այն հեռանկարային թիրախ է դարձնում այնպիսի դեղամիջոցների մշակման համար, որոնք ընտրողաբար են ազդում մակաբույծի վրա՝ չվնասելով մարդու բջիջները:






