Ականջակալները վաղուց դարձել են առօրյա կյանքի անբաժանելի մասը. մարդիկ օրական մի քանի ժամ երաժշտություն և փոդքասթներ են լսում, ինչպես նաև խոսում հեռախոսով: Սակայն դրանց օգտագործումը կարող է ազդել ոչ միայն լսողության, այլև ականջի ներսի մանրէաբանական միջավայրի վրա: Այս մասին հայտնում է «The Conversation» պորտալը:

Ականջակալների օգտագործման վերաբերյալ հանձնարարականների մեծ մասը վերաբերում է ձայնի բարձրությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ձայնը պահել սարքի առավելագույն հզորության 60%-ից ցածր մակարդակի վրա՝ լսողության կորստի վտանգը նվազեցնելու համար: Սակայն մասնագետները նշում են, որ ականջի վիճակի վրա ազդում է ոչ միայն ձայնի բարձրությունը, այլև ականջակալները երկար ժամանակ կրելու փաստը:

Սա հատկապես վերաբերում է ներականջային մոդելներին՝ այսպես կոչված «խցաններին»: Դրանք փակում են լսողական անցուղին և կարող են սարքի մակերեսից բակտերիաներ կամ աղտոտվածություն փոխանցել մաշկին։

Բնականոն վիճակում լսողական անցուղին ունի պաշտպանության սեփական համակարգը։ Դրա ներքին հատվածը արտադրում է ականջածծումբ և յուղեր, որոնք պահպանում են մաշկի առողջությունը և պաշտպանում այն վարակներից։ Մանր մազիկները և ականջածծումբն օգնում են փոշին, բակտերիաները և մաշկի մահացած բջիջները դուրս բերել ներսից։ Այսպիսով, ականջը փաստացիորեն ինքնամաքրվում է։

Սակայն ականջակալների տևական օգտագործումը կարող է խաթարել այս հավասարակշռությունը։ Առողջ լսողական անցուղում ապրում են տարբեր միկրոօրգանիզմներ՝ հիմնականում բակտերիաներ, ինչպես նաև սնկեր և վիրուսներ։ Դրանց բազմազանությունն օգնում է զսպել պոտենցիալ վտանգավոր մանրէների զարգացումը։

2024 թվականի հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր մշտապես օգտագործում են լսողական սարքեր, լսողական անցուղու բակտերիաների բազմազանությունն ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր չեն կրում դրանք։ Գիտնականները սա կապում են այն փաստի հետ, որ նման մարդկանց լսողական անցուղին երկար ժամանակ փակ է մնում

2025 թվականին հրապարակված մեկ այլ աշխատություն ցույց է տվել, որ ականջակալների օգտագործումը կապված է ականջի վարակների առաջացման բարձր ռիսկի հետ, հատկապես եթե սարքերից օգտվում են մի քանի հոգի։ Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ներականջային ականջակալները լսողական անցուղում ստեղծում են ավելի տաք և խոնավ միջավայր։

Բարձր խոնավությունը հատկապես հավանական է մարզումների ժամանակ, երբ մարդը քրտնում է։ Նման միջավայրը կարող է նպաստել վարակների զարգացմանը և ականջից արտադրության հայտնվելուն։ Բացի այդ, ականջակալների տևական կրումը կարող է խոչընդոտել ականջածծմբի միջոցով լսողական անցուղու ինքնամաքրման բնական գործընթացին։

Մասնագետները խորհուրդ են տալիս պարբերաբար ականջներին «հանգիստ» տալ՝ օրվա ընթացքում հանելով ականջակալները: Սա թույլ է տալիս լսողական անցուղուն օդափոխվել և նվազեցնում է խոնավության կուտակման վտանգը: Նաև կարևոր է կանոնավոր կերպով մաքրել հենց սարքերը: Դրանք կարելի է սրբել փափուկ կտորով կամ խոզանակով՝ օգտագործելով քիչ քանակությամբ օճառաջուր, որից հետո մանրակրկիտ չորացնել ականջները։

Եթե ականջում առաջանում է քոր, կարմրություն կամ արտադրություն, բժիշկները խորհուրդ են տալիս ժամանակավորապես հրաժարվել ներականջային ականջակալներից և դիմել բժշկական խորհրդատվության