Արհեստական քաղցրացուցիչները լայնորեն կիրառվում են որպես շաքարի այլընտրանք, սակայն ախորժակի և սննդի ընդունման վրա դրանց ազդեցությունը գիտական քննարկումների առարկա է մնում:

Nutrients ամսագրում հրապարակված նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նման նյութերը, չնայած իրենց ինտենսիվ քաղցրությանը և ցածր կալորիականությանը, վերահսկվող պայմաններում չեն հանգեցնում սննդի սպառման ավելացման:

Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է ացեսուլֆամ կալիումի և ցիկլամատի խառնուրդի ազդեցությունը քաղցի, հագեցվածության զգացողության և էներգիայի ընդհանուր սպառման վրա:

Փորձարկումն իրականացվել է տարբեր փուլերում՝ քաշի նվազեցումից առաջ, դրանից հետո և քաշի պահպանման ժամանակահատվածում:

Արդյունքները ցույց են տվել, որ կշտացման և հագեցվածության ցուցանիշները էականորեն չեն տարբերվել ջուր ստացող ստուգիչ խմբի տվյալներից, իսկ մասնակիցները չեն փոխհատուցել քաղցրացուցիչների համը հավելյալ սննդի ընդունմամբ:

Սա նշանակում է, որ կարճաժամկետ հեռանկարում արհեստական քաղցրացուցիչները չեն խթանում շատակերությունը:

Միևնույն ժամանակ, հետազոտությունը բացահայտել է մի հետաքրքիր էֆեկտ. քաղցրացուցիչների օգտագործումը նվազեցրել է ինչ-որ քաղցր բան ուտելու ցանկությունը, ընդ որում՝ այս արդյունքը պահպանվել է անկախ ըմպելիքների համային տարբերություններից: Սա կարող է մատնանշել նման նյութերի պոտենցիալ դերը քաղցրի հանդեպ հակումը վերահսկելու գործում:

Այնուամենայնիվ, սննդի ենթադրյալ սպառման վրա ազդեցությունը եղել է երկակի և կախված է եղել համատեքստից, ներառյալ մթերքի համային ընկալումը:

Չնայած ստացված տվյալներին՝ հեղինակներն ընդգծում են, որ արդյունքները պետք է զգուշությամբ մեկնաբանել: Ընտրանքի չափը սահմանափակ է եղել, իսկ բուն հետազոտությունը բավարար վիճակագրական հզորություն չի ունեցել՝ ախորժակի վրա ունեցած ազդեցության վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելու համար: Ազդեցությունները հաստատելու համար անհրաժեշտ են ավելի լայնածավալ և ստանդարտացված կլինիկական փորձարկումներ:

Ավելի լայն գիտական համատեքստում տվյալները մնում են հակասական: Մի շարք հետազոտություններ ենթադրում են, որ որոշ քաղցրացուցիչներ կարող են ազդել ախորժակի կարգավորման վրա՝ ուղեղի մեխանիզմների կամ աղիքային միկրոբիոտայի միջոցով, սակայն նման ազդեցություններն ավելի հաճախ նկատվում են առանձին խմբերում կամ փորձարարական պայմաններում և կայուն կերպով չեն հաստատվում մարդկանց վրա իրականացված կլինիկական փորձարկումներում: