Էմորիի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարեցների և Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտների ուղեղն ու մկանները հավասարակշռության կորստին արձագանքում են այլ կերպ, քան երիտասարդներինը: Աշխատությունը հրապարակվել է eNeuro ամսագրում:
Նախորդ փորձարկումներում հետազոտողներն ուսումնասիրել էին երիտասարդների արձագանքը, որոնց հանկարծակի հանում էին հավասարակշռությունից: Դա առաջացնում էր արագ ավտոմատ արձագանք՝ ուղեղի ցողունի և մկանների մասնակցությամբ: Ավելի ուժեղ ապակայունացման դեպքում միանում էր ակտիվության երկրորդ ալիքը՝ ուղեղի կեղևի մասնակցությամբ:
Նոր աշխատության մեջ գիտնականները համեմատել են այդ մեխանիզմները տարեցների և Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտների մոտ: Պարզվել է, որ նույնիսկ հավասարակշռության չնչին խանգարումների դեպքում նրանց մոտ նկատվում է ուղեղի ավելի ուժեղ ակտիվացում և մկանների հավելյալ աշխատանք:
«Այս խմբերի մոտ հավասարակշռության վերականգնումը պահանջում է ավելի շատ էներգիա և ուղեղի ներգրավվածություն: Երբ մարդն ստիպված է լինում ավելի շատ գործի դնել ուղեղը, հավասարակշռությունը վերականգնելու նրա կարողությունը նվազում է», — պարզաբանել է հետազոտության ղեկավար Լենա Թինգը:
Լրացուցիչ փոփոխություններ են հայտնաբերվել նաև մկանային մակարդակում։ Բնականոն վիճակում հավասարակշռությունը պահպանելու փորձի ժամանակ ակտիվանում է մկանների մի խումբը, իսկ հակադիր խումբը թուլանում է։ Սակայն տարեցների և Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մոտ երկու խմբերն էլ հաճախ լարվում են միաժամանակ։ Դա հանգեցնում է շարժումների չափազանց կոշտության և վատթարացնում կայունանալու ունակությունը։
Հեղինակների կարծիքով՝ նման մեխանիզմը կարող է բացատրել, թե ինչու է տարիքի հետ մեծանում ընկնելու ռիսկը, իսկ Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտների մոտ խաթարվում է կոորդինացիան։
Հետազոտողները ենթադրում են, որ ապագայում իրենց մոտեցումը կարող է օգտագործվել վայր ընկնելու ռիսկի վաղ ախտորոշման համար։ Մասնավորապես, հավասարակշռության հանկարծակի կորստին ի պատասխան մկանային ակտիվության գնահատումը կարող է ծառայել որպես ուղեղի գերծանրաբեռնվածության անուղղակի ցուցիչ։
«Մենք կարող ենք բացահայտել ուղեղի բարձր ակտիվությունը՝ վերլուծելով մկանների աշխատանքը հավասարակշռության անսպասելի խախտումից հետո», — նշել է Լենա Թինգը:
Հեղինակներն ընդգծում են, որ մեթոդը հետագա լրամշակման կարիք ունի: Այնուամենայնիվ, հեռանկարում այն կարող է օգնել բացահայտել վայր ընկնելու բարձր ռիսկ ունեցող անձանց և ժամանակին նշանակել հավասարակշռության ու կոորդինացիայի վարժություններ՝ նվազեցնելով վնասվածքների հավանականությունը:






