Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականների հետազոտությունը կարող է թեթեւացնել կրծքագեղձի քաղցկեղի բուժումը, քանի որ հայտնաբերվել է այն մեխանիզմը, որի օգնությամբ օրգանիզմը կանխում է ուռուցքի տարածումը։ Գիտնականները պարզել են TYK2 բորբոքային սպիտակուցի նոր դերը մեխանոտրանսդուկցիայում՝ պրոցես, որի ընթացքում բջիջներն ընկալում են ֆիզիկական ազդեցությունները եւ արձագանքում դրանց։ Մեխանոտրանսդուկցիա հասկացությունը կօգնի պարզել, թե ինչպես է տարածվում քաղցկեղը, եւ բացել բուժման նոր հնարավորություններ։

Բացի այդ, քանի որ TYK2-ն ինհիբացնող դեղամիջոցներն ուսումնասիրվում են որպես միջոց աուտոիմունային հիվանդությունների բուժման համար, հետազոտությունն ընդգծում է այդ դեղամիջոցների ազդեցության ուսումնասիրման անհրաժեշտությունը կաթնագեղձի քաղցկեղի զարգացման վրա։

Հետազոտողները հայտնաբերել են.

TYK2-ը կարեւոր դեր է խաղում կաթնագեղձի քաղցկեղի մետաստազների ճնշման գործում՝ ի պատասխան արտաբջջային մատրիկսի կոշտության ճնշման, նյութ, որը շրջապատում է բջիջները եւ միացնում դրանք միմյանց։

Ցածր կոշտության դեպքում TYK2-ը գտնվում է բջջային մեմբրանում եւ խանգարում է քաղցկեղային բջիջների ինվազիային։ Բարձր կոշտության դեպքում TYK2-ը կորցնում է ակտիվությունը եւ բաշխվում ողջ բջջում, ինչը թույլ է տալիս քաղցկեղային բջիջներին թափանցել այլ հյուսվածքներ։

Մկների մոտ TYK2-ի ինհիբացումը դեղերի օգնությամբ նպաստել է ինվազիային եւ կաթնագեղձի քաղցկեղի մետաստազավորմանը։

Ըմբռնումը, թե ինչպես է TYK2-ը ճնշում մետաստազավորումը, կարող է կաթնագեղձի քաղցկեղի բուժման նոր մեթոդների ճանապարհ բացել։ Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տվել, որ ոչ ինվազիվ քաղցկեղի որոշ տեսակներ ունեցող կին բուժառուների մոտ TYK2-ի ինհիբիտորների ընդունման դեպքում կարող է բարձրանալ կաթնագեղձի ինվազիվ  քաղցկեղի առաջացման վտանգը։ Սա ընդգծում է կաթնագեղձի քաղցկեղի մանրակրկիտ սքրինինգի անհրաժեշտությունը TYK2-ի ինհիբիտորներ ընդունող պացիենտների համար։

«Հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է արտաբջջային մատրիկսի կոշտությունը կարգավորում կաթնագեղձի քաղցկեղի մետաստազավորումը TYK2-ի միջոցով, եւ նոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են ֆիզիկական գործոնները ուռուցքի միկրոշրջակայքում ազդում քաղցկեղի զարգացման վրա»,- ասել է Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի Մուրի Ուռուցքաբանական կենտրոնի գիտաշխատող Ժիմին Հուն։

«Ստացված արդյունքները մեծ նշանակություն ունեն TYK2-ի ինհիբիտորների կլինիկական կիրառման համար եւ ընդգծում են մեխանիկական միկրոշրջակայքի հաշվառման կարեւորությունը քաղցկեղի բուժման ժամանակ»,- ասել է հետազոտության հեղինակ, Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի Բժշկական դպրոցի դեղաբանության պրոֆեսոր Ցզին Յանը։