Իրանում ընթացող պատերազմն արդեն սկսել է ազդել Անգլիայում դեղամիջոցների գների վրա՝ ներառյալ ամենատարածված դեղերը, ինչպիսիք են ցավազրկողները և ալերգիայի դեմ միջոցները, գրում է The Guardian-ը։

Ազգային դեղագործական ասոցիացիայի տվյալներով՝ սովորական դեղատներում պարացետամոլը փետրվարի համեմատ թանկացել է մոտավորապես 20–30%-ով։ Որոշ դեպքերում մեծածախ վաճառողների մոտ դրա գինը նույնիսկ կարճ ժամանակով կրկնապատկվել է։ Հաղորդվում է նաև ասպիրինի առանձին դեղաչափերի և համակցված ցավազրկողների մատակարարման խափանումների մասին։

Թանկացումը չի շրջանցել նաև հակահիստամինային դեղամիջոցները, օրինակ՝ ցետիրիզինը, որն օգտագործվում է սեզոնային ալերգիայի բուժման համար։ Դրա արժեքը ևս աճել է մոտ 20–30%-ով։

Հիմնական պատճառը մատակարարման շղթայում ծախսերի աճն է։ Պատերազմի սկսվելուց հետո կտրուկ թանկացել են վառելիքն ու փոխադրումները, ինչն ուղղակիորեն ազդում է դեղերի արտադրության և առաքման վրա։ Լրացուցիչ գործոն է նաև ավիափոխադրումների թանկացումը, քանի որ դեղամիջոցների զգալի մասը  դրանց միջոցով է Մեծ Բրիտանիա հասնում։

Բարդացել է նաև հումքի հետ կապված իրավիճակը. նավթաքիմիական բաղադրիչները, որոնք օգտագործվում են բազմաթիվ դեղամիջոցների (ներառյալ պարացետամոլի և ասպիրինի) արտադրության մեջ, դարձել են ավելի քիչ հասանելի և թանկ։

Դեղագետները նշում են, որ կտրուկ աճել են նաև դեղերի մեծածախ գները։ Օրինակ՝ մատակարարներից մեկի մոտ պարացետամոլի մեկ տուփի արժեքը 41 պենսից հասել է գրեթե 2 ֆունտի, թեև հետագայում մի փոքր նվազել է։

Դեղատների մի մասն արդեն ժամանակավորապես դադարեցրել է որոշ դեղամիջոցների առանց դեղատոմսի վաճառքը՝ մատակարարումների ընդհատումների պատճառով։ Փորձագետները նախազգուշացնում են, որ եթե մատակարարման հիմնական երթուղիների հետ կապված իրավիճակը չկայունանա, հնարավոր են գների նոր բարձրացրումներ (հատկապես ալերգիայի սեզոնին)։

Միևնույն ժամանակ, մասնագետները մարդկանց կոչ են անում դեղեր չգնել պաշարներով, քանի որ զանգվածային պահանջարկը կարող է միայն խորացնել դեֆիցիտն ու գների աճը։