Ատլանտյան օվկիանոսում գտնվող զբոսանավերից մեկում հանտավիրուսի հնարավոր բռնկման հետևանքով երեք մարդ է մահացել: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), փոխացնում է BBC-ն։

ԱՀԿ-ն հաստատել է լաբորատոր պայմաններում հաստատված մեկ դեպք և ևս հինգ կասկածելի վարակ MV Hondius նավի վրա, որը Արգենտինայից մեկնում էր Կաբո Վերդե։

Վարակվածներից մեկը՝ Մեծ Բրիտանիայի 69-ամյա քաղաքացի է, ով ներկայումս գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության (Յոհանեսբուրգ) հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Տեղի իշխանությունները BBC-ին հայտնել են, որ պացիենտի մոտ, ամենայն հավանականությամբ, հանտավիրուս է հայտնաբերվել: Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հետևում է իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր քաղաքացիներին:

Հանտավիրուսը սովորաբար մարդուն է փոխանցվում կրծողների արտաթորանքի, թքի կամ մեզի միջոցով: Այն կարող է առաջացնել շնչառական ծանր հիվանդություններ, սակայն մարդուց մարդուն վարակի փոխանցումը չափազանց հազվադեպ է հանդիպում:

«MV Hondius» նավը պատկանում է «Oceanwide Expeditions» ընկերությանը և հիմնականում նախատեսված է բևեռային արշավախմբերի համար։ Այն ունի շուրջ 108 մետր երկարություն և կարող է տեղավորել մինչև 170 ուղևորի ու անձնակազմի 71 անդամի (ներառյալ ուղեկցորդներն ու բժիշկը)։

Ըստ նախանշված երթուղու՝ լայները մարտի 20-ին դուրս էր եկել արգենտինական Ուշուայա քաղաքից և մայիսի 4-ին հասել Կաբո Վերդե, որտեղ այժմ խարիսխ է գցել մայրաքաղաք Պրայայի մոտակայքում։

ՀԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ նավի վրա եղել է շուրջ 150 զբոսաշրջիկ տարբեր երկրներից։

Մինչ ԱՀԿ-ի պաշտոնական հաստատումը, հայտնի էր դարձել առնվազն երկու մահվան մասին․ խոսքը Նիդերլանդներից ժամանած ամուսնական զույգի մասին է։ Տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր (տենդ, գլխացավ, որովայնի ցավեր), և նա մահացել էր Սուրբ Հեղինեի կղզի հասնելուն պես։ Նրա կինը մահացել է ավելի ուշ՝ Յոհանեսբուրգի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր տարհանման արդյունքում։

Երրորդ զոհը նույնպես Նիդերլանդների քաղաքացի էր. «Oceanwide Expeditions» ընկերությունը հայտնել է, որ նրա մարմինը կտեղափոխվի հայրենիք: Ընկերությունը նաև հաստատել է, որ անձնակազմի երկու անդամներ շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել, սակայն նրանց ափ դուրս բերելը հետաձգվել է՝ Կաբո Վերդեի իշխանությունների թույլտվությունը չունենալու պատճառով:

Մասնագետները նշում են, որ հանտավիրուսի գաղտնի շրջանը կարող է տևել մեկից մինչև ութ շաբաթ, ուստի չի բացառվում, որ մոտ ժամանակներս վարակման նոր դեպքեր ի հայտ գան:

Այս վիրուսը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև անցյալ տարի։ Այն կապվում էր 2025 թվականին հայտնի դերասան Ջին Հեքմենի կնոջ մահվան հետ: