Հայաստանում հանտավիրուսի առումով իրավիճակը վերահսկելի է, և բնակչության համար վտանգ չկա։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հանտավիրուսի տարածման ռիսկը մեր երկրում ներկայումս գնահատվում է ցածր, իսկ առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային համաճարակաբանական զարգացումներին։ ԱՀԿ-ն այս պահին խորհուրդ չի տալիս կիրառել որևէ ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակարգողից ահազանգ է ստացվել Հոլանդիայի դրոշի ներքո նավարկող զբոսանավում ծանր սուր շնչառական հիվանդությունների կլաստերի վերաբերյալ։ Նավարկությունը սկսվել էր Արգենտինայի Ուշուայա քաղաքից։ Նավում գտնվել է 147 մարդ՝ 88 ուղևոր և 59 անձնակազմի անդամ՝ շուրջ 23 տարբեր ազգություններից։

Մայիսի 6-ի դրությամբ արձանագրվել է հիվանդության 7 դեպք՝

2 լաբորատոր հաստատված հանտավիրուսային դեպք

5 կասկածելի դեպք

3 մահվան դեպք

1 ծանր վիճակում գտնվող պացիենտ

3 թեթև ախտանիշներով անձ

Հիվանդությունը դրսևորվել է տենդով, ստամոքս-աղիքային ախտանիշներով, թոքաբորբի արագ զարգացմամբ, սուր շնչառական դիսթրես համախտանիշով և շոկով։

Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է, որը հազվադեպ կարող է փոխանցվել նաև մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման պայմաններում։

Հիմնական փոխանցման ուղին շարունակում է մնալ վարակված կրծողների մեզի, կղանքի կամ թքի հետ շփումը։ Եվրոպական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայումս ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

Իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, իսկ նավում գտնվող անձինք շարունակում են գտնվել հսկողության ներքո։