Թաիլանդում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել, սակայն մարդկանց վարակման դեպքեր այս պահին չեն գրանցվել։ Այս մասին հայտնել են երկրի թվային տեխնոլոգիաների և էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով Առողջապահության նախարարության տվյալներին։
Գերատեսչության տեղեկություններով՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ հայտնաբերված վիրուսը պակաս վարակիչ է և հիվանդության ավելի թեթև ընթացք է առաջացնում՝ համեմատած COVID-19-ի հետ։ Մասնագետները նաև նշում են, որ կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը նախկինի պես օգնում են նվազեցնել ծանր բարդությունների ռիսկը։
Իշխանություններն ընդգծել են, որ լայնամասշտաբ բռնկման հավանականությունը գնահատվում է ցածր։
Թեմայի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներից հետո։ Տեղեկատվության ստուգումից հետո Թաիլանդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հաստատել է չղջիկների մոտ նոր շտամի հայտնաբերման մասին լուրերի հավաստիությունը։






