Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի (Washington University School of Medicine) գիտնականների ղեկավարությամբ իրականացված վաղ կլինիկական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է, որ անհատականացված պատվաստանյութը կարող է խոստումնալից արդյունքներ ցուցաբերել Գլիոբլաստոմայի՝ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ և մահացու տեսակներից մեկի դեմ։
Siteman Cancer Center-ում կատարված գիտափորձն անվտանգ է եղել և ուժեղ իմունային պատասխան է առաջացրել գլիոբլաստոմայով հիվանդների մոտ, ներառյալ հիվանդության առավել ագրեսիվ ձևերը։ Հետազոտողները կարծում են, որ պատվաստանյութը կարող է դանդաղեցնել ուռուցքի վերադարձը և բարելավել վիրահատությունից հետո ստացված ապրելիության ցուցանիշը։
ԱՄՆ-ում գլիոբլաստոման հանդիպում է 100 հազար բնակչից մոտավորապես չորսի մոտ և ներկայիս թերապևտիկ մեթոդների պարագայում համարվում է անբուժելի։ Ստանդարտ բուժումը սովորաբար ներառում է վիրահատություն, ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա, սակայն ուռուցքը հաճախ կարող է վերադառնալ։
Նոր պատվաստանյութը թիրախավորում է նեոանտիգենները՝ եզակի սպիտակուցներ, որոնք առկա են միայն տվյալ պացիենտի քաղցկեղային բջիջներում։ Գիտնականները ստեղծել են անհատական ԴՆԹ-պատվաստանյութեր՝ հիմնվելով ուռուցքի գենետիկական տեղեկատվության վրա, որպեսզի «սովորեցնեն» իմունային համակարգին ճանաչել և ոչնչացնել քաղցկեղային բջիջները։
Nature Cancer ամսագրում մայիսի 12-ին հրապարակված հետազոտության համաձայն՝ պատվաստանյութն ակտիվացրել է յուրաքանչյուր պացիենտի մոտ մինչև 40 ուռուցքային սպիտակուցների դեմ գրանցված իմունային պատասխանը։ Դա ավելին է, քան հաջողվել էր քաղցկեղի դեմ նախկինում ստեղծված ցանկացած այլ պատվաստանյութի դեպքում։
Հետազոտողները կարծում են, որ թիրախների նման լայն շրջանակն օգնում է հաղթահարել գլիոբլաստոմայի գլխավոր խնդիրներից մեկը՝ ուռուցքի՝ փոփոխվելու և իմունային հարձակումից խուսափելու ունակությունը։ Բացի այդ, գիտնականների խոսքով, բուժումը այսպես կոչված «սառը» ուռուցքները, որոնք սովորաբար թաքնվում են իմունային համակարգից, վերածում է «տաք» ուռուցքների, որոնք ավելի խոցելի են իմունային ոչնչացման համար։
Առաջին փուլի հետազոտությանը մասնակցել են նոր ախտորոշված գլիոբլաստոմա ունեցող ինը չափահաս պացիենտներ։ Մեծամասնության մոտ պատվաստումից հետո նկատվել է իմունային ակտիվության ուժեղացում։ Պացիենտների մոտավորապես երկու երրորդի մոտ վիրահատությունից հետո վեց ամսվա ընթացքում հիվանդություն չի առաջընթացել և նրանք ապրել են առնվազն մեկ տարի։ Սա ավելի բարձր է, քան նման ախտորոշման դեպքում գրանցված սովորական ցուցանիշները։
Հետազոտության մասնակիցներից մեկի մոտ ախտորոշումից գրեթե հինգ տարի անց դեռևս չեն գրանցվել հիվանդության վերադարձի նշաններ։
Հատկապես կարևոր է, որ պացիենտների մոտ հայտնաբերվել էր գլիոբլաստոմայի ագրեսիվ ենթատեսակը՝ unmethylated MGMT, որը սովորաբար վատ է արձագանքում քիմիաթերապիային։
Գիտնականները ծրագրում են շարունակել հետազոտությունները պացիենտների ավելի մեծ խմբերի շրջանում և հույս ունեն ընդլայնել պատվաստանյութի կիրառումը գլիոբլաստոմայի այլ ձևերի, իսկ հնարավոր է՝ նաև քաղցկեղի այլ տեսակների բուժման համար։
Հետազոտության մասնակից Քիմ Գարլանդը, որը նախկինում դպրոցական բուժքույր է եղել, պատմել է, որ համաձայնել է մասնակցել փորձարկմանը՝ հույս ունենալով օգնել ապագա պացիենտներին։ Վիրահատությունից գրեթե հինգ տարի անց նրա մոտ մինչ օրս ուռուցքի վերադարձի որևէ նշան չի արձանագրվել։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ քաղցկեղի դեմ անհատականացված պատվաստանյութերը կարող են դառնալ ուռուցքաբանության նոր և կարևոր ուղղություն՝ թույլ տալով բուժումն ընտրել՝ ըստ յուրաքանչյուր պացիենտի ուռուցքի եզակի գենետիկական առանձնահատկությունների։






