Ֆրանսիական իշխանությունները չորեքշաբթի մեկուսացրել են Բորդոյում կայանված բրիտանական զբոսանավի ավելի քան 1700 ուղևորների և անձնակազմի անդամների՝ տարեց ուղևորի մահից հետո: Միևնույն ժամանակ, պաշտոնյաները փորձել են փարատել հանտավիրուսի հետ հնարավոր կապի վերաբերյալ մտավախությունները:
Ambition զբոսանավի վրա գտնվող տասնյակ մարդիկ նույնպես դժգոհել են ստամոքսի խանգարումից: 1233 ուղևորների մեծ մասը Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի քաղաքացիներ են, բացի դրանից, նավի վրա են գտնվում անձնակազմի 514 անդամներ Հնդկաստանից:
Սակայն առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ դեպքը կապված չէ հանտավիրուսի բռնկման հետ, որը, ենթադրաբար, Արգենտինայից մեկնած հոլանդական MV Hondius զբոսանավի երեք ուղևորների մահվան պատճառ էր դարձել:
Ambassador Cruise Line ընկերությանը պատկանող Ambition նավի վրա մահացել է մեկ 90-ամյա ուղևոր, իսկ մոտ 50 մարդ հայտնել է ստամոքսաաղիքային խանգարման ախտանիշների մասին:
Նախնական թեստերը բացառել են նորովիրուսի բռնկումը (գաստրոէնտերիտի խիստ վարակիչ ձև, որն առաջացնում է փսխում և լուծ), սակայն լրացուցիչ հետազոտությունները դեռ շարունակվում են: Ընդ որում, սննդային թունավորման տարբերակը դեռևս չի բացառվում:
Ըստ պաշտոնյաների՝ ուղևորների մոտ ախտանիշների գագաթնակետը եղել է երկուշաբթի օրը, երբ նավը գտնվում էր Բրեստի նավահանգստում: 90-ամյա ուղևորը մահացել է դեռևս նախքան նավի ժամանումը ֆրանսիական Բրետան տարածաշրջանի նավահանգիստ:
Զբոսանավը մեկնել էր Շոտլանդիայից հյուսիս գտնվող Շեթլանդյան կղզիներից մայիսի 6-ին, այնուհետև կանգ էր առել Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստում և Անգլիայի Լիվերպուլում, որից հետո ժամանել էր Բորդո: Այնուհետև նավը պետք է ուղևորվեր Իսպանիա:
Ինչպես հայտնել է Ֆրանսպրես գործակալության թղթակիցը, չորեքշաբթի Բորդոյում զբոսանավի շուրջ անվտանգության որևէ հատուկ միջոցառում չի իրականացվել: Ուղևորները շարունակել են նավի տախտակամածից լուսանկարել ֆրանսիական քաղաքը:






