Աֆրիկայի հանրային առողջապահության ոլորտի առաջատար գործակալությունը հայտարարել է էբոլայի նոր բռնկման մասին Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության արևելքում՝ Իտուրի նահանգում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնների տվյալներով՝ գրանցվել է մոտ 246 դեպք և 65 մահ, հիմնականում ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվող Մոնգվալու և Ռվամպարա քաղաքներում։

Կազմակերպությունը հայտնել է, որ գործունեությունը համակարգում է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության, Ուգանդայի, Հարավային Սուդանի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ՝ արձագանքման ջանքերը և միջսահմանային համաճարակաբանական հսկողությունն ուժեղացնելու նպատակով։

Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976թ․ այն տարածքում, որն այժմ կոչվում է Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, և ենթադրվում է, որ այն տարածվել է չղջիկներից։ Սա էբոլայի 17-րդ բռնկումն է երկրում։

Վիրուսը փոխանցվում է մարմնի կենսաբանական հեղուկների հետ անմիջական շփման միջոցով և կարող է առաջացնել ուժեղ արյունահոսություն և օրգանների կանգ։ Վաղ ախտանիշներից են ջերմությունը, թուլությունը, մկանային ցավը, գլխացավը և կոկորդի ցավը։ Ներկայում էբոլայի դեմ հատուկ դեղամիջոց չկա։

Կինշասայում Կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRB) և ազգային առողջապահական մարմինների հետ խորհրդակցություններից հետո անցկացված նախնական թեստերը էբոլա վիրուս են հայտնաբերել վերլուծված 20 նմուշներից 13-ում։

Գրանցված 65 մահվան դեպքերից չորսը լաբորատոր կերպով հաստատվել են, հաղորդել է CDC Africa-ն։ Կասկածելի լրացուցիչ դեպքեր են գրանցվել նաև նահանգի մայրաքաղաք Բունիայում, սակայն լաբորատոր հաստատումը դեռ սպասվում է։

Հրապարակման պահին Կոնգոյի իշխանությունները պաշտոնապես չէին հայտարարել բռնկման մասին, սակայն կառավարության ներկայացուցիչները հայտնել են, որ մամուլի ասուլիսը սպասվում է օրվա վերջում։

Իտուրի նահանգը 2021 թվականից գտնվում է ռազմական կառավարման տակ՝ բազմաթիվ զինված խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» հետ կապված Allied Democratic Forces-ի (ADF) շարունակական գործունեության պատճառով։

Վերջին 50 տարիների ընթացքում աֆրիկյան տարբեր երկրներում էբոլայի բռնկումները հանգեցրել են մոտ 50 հազար մահվան։ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում ամենամահացու բռնկումը տեղի է ունեցել 2018-2020թթ․ միջև ընկած ժամանակահատվածում, երբ մահացել է գրեթե 2 300 մարդ։ Անցյալ տարի Կասաի նահանգում մեկ այլ բռնկում խլել է 45 մարդու կյանք։