Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան Իտուրի նահանգում Էբոլայի բռնկումը հայտարարել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ իրավիճակ, հայտնում է BBC News-ը։
Գործակալությունը հավելել է, որ բռնկումը, որի ընթացքում գրանցվել է հիվանդության մոտ 246 հավանական դեպք և 80 մահ, չի համապատասխանում համավարակի արտակարգ իրավիճակի չափանիշներին։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը զգուշացրել է, որ ներկայումս «զգալի անորոշություն կա վարակվածների իրական թվի և բռնկման աշխարհագրական տարածման վերաբերյալ»։
Ըստ առողջապահական գործակալության, Էբոլա տենդի ներկայիս շտամը հարուցվում է Բունդիբուջո վիրուսով, որի դեմ հաստատված դեղամիջոցներ կամ պատվաստանյութեր չկան։
ԱՀԿ-ն հայտնել է, որ ներկայումս գրանցվել է վիրուսով վարակման լաբորատոր հաստատված ութ դեպք, ինչպես նաև հիվանդության և մահվան այլ հավանական դեպքեր բժշկական երեք գոտիներում, այդ թվում՝ Իտուրի նահանգի մայրաքաղաք Բունիայում, ոսկու արդյունահանման Մոնգվալու և Ռվամպարա քաղաքներում։ Առողջապահության համաշխարհային գործակալությունը հավելել է, որ վիրուսը տարածվել է Կոնգոյի ԴՀ սահմաններից դուրս, և երկու հաստատված դեպք է գրանցվել հարևան Ուգանդայում։ Ուգանդայի պաշտոնյաները հայտնել են, որ հինգշաբթի մահացած 59-ամյա տղամարդու թեստի արդյունքը դրական է եղել։ Կոնգոյի ԴՀ-ին սահմանակից երկրները համարվում են հետագա տարածման բարձր ռիսկային գոտիներ՝ բնակչության շարժունակության, առևտրի և ճանապարհորդությունների պատճառով։
ԱՀԿ-ն Կոնգոյի ԴՀ-ին և Ուգանդային խորհուրդ է տվել ստեղծել արտակարգ օգնության կենտրոններ՝ վարակի կանխարգելման միջոցառումների մոնիտորինգի, հետևման և իրականացման համար։ Տարածումը նվազագույնի հասցնելու նպատակով առողջապահական գործակալությունը հայտարարել է, որ հաստատված դեպքերը պետք է անմիջապես մեկուսացվեն և բուժվեն այնքան ժամանակ, մինչև առնվազն 48 ժամ ընդմիջումով անցկացված Բունդիբուջո վիրուսի երկու թեստերը բացասական արդյունք տան։
Հաստատված դեպքեր ունեցող տարածաշրջաններին սահմանակից երկրներում կառավարությունները պետք է ուժեղացնեն համաճարակաբանական հսկողությունը և առողջական վիճակի մասին հաշվետվողականությունը։ ԱՀԿ-ն հավելել է, որ տուժած տարածաշրջանից դուրս գտնվող երկրները չպետք է փակեն իրենց սահմանները կամ սահմանափակեն ուղևորություններն ու առևտուրը, քանի որ «նման միջոցները սովորաբար ձեռնարկվում են վախից դրդված և գիտական հիմք չունեն»։