Ավստրալիայի իշխանությունները լուրջ մտահոգություն են հայտնում երկրի մի քանի նահանգներում և տարածքներում տարածվող դիֆթերիայի բռնկման կապակցությամբ։ Հյուսիսային տարածքում գրանցվել է վերջին 10 տարվա ընթացքում դիֆթերիայից մահվան առաջին դեպքը։

Այս բռնկումն արդեն անվանում են խոշորագույնը վերջին տարիների ընթացքում։ Հիվանդությունը Հյուսիսային տարածքից տարածվել է դեպի Արևմտյան Ավստրալիա, Քվինսլենդ և Հարավային Ավստրալիա։

Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ազգային համակարգի տվյալներով՝ բռնկման սկզբից ի վեր Հյուսիսային տարածքում գրանցվել է հիվանդացության 133 դեպք։ Արևմտյան Ավստրալիայում հայտնաբերվել է 79 դեպք, Հարավային Ավստրալիայում՝ 6, իսկ Քվինսլենդում՝ 5։

Ավստրալիայի առողջապահության նախարար Մարկ Բատլերը հայտարարել է, որ իրավիճակը «լուրջ» է, հատկապես Հյուսիսային տարածքում, որտեղ հիվանդությունը շարունակում է տարածվել հեռավոր շրջաններում և բնիկ բնակչության շրջանում։ 

Առողջապահության դաշնային մարմինները՝ Հյուսիսային տարածքի կառավարության և բնիկների առողջապահական կազմակերպությունների հետ համատեղ, ընդլայնում են բնակչության պատվաստման և վերապատվաստման արշավը։

Բատլերի խոսքով՝ Էլիս Սփրինգսի բժշկական ծառայությունները ծայրահեղ մտահոգված են բռնկման ընթացքով և ակտիվորեն աշխատում են պատվաստումների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ «Մեծահասակներին, հավանաբար, անհրաժեշտ է վերապատվաստվել յուրաքանչյուր հինգ տարին մեկ»,- նշել է նա։

Դիֆթերիան բակտերիալ վարակ է, որն ախտահարում է քիթն ու կոկորդը։ Այն կարող է առաջացնել շնչառական դժվարություններ, տենդ, ավշահանգույցների մեծացում և կոկորդում մոխրագույն հաստ թաղանթի գոյացում։ Գոյություն ունի նաև հիվանդության մաշկային ձևը, որն առաջացնում է ցավոտ խոցեր և բորբոքում։

Թեև հիվանդությունը բուժելի է, սակայն այն մարդիկ, ովքեր ժամանակին չեն պատվաստվել կամ չեն անցել վերապատվաստում, գտնվում են ծանր բարդությունների բարձր ռիսկի գոտում, ներառյալ՝ սրտի և նյարդային համակարգի ախտահարումն ու մահը։

«Central Australian Aboriginal Congress» կազմակերպության գլխավոր բժիշկ Ջոն Բոֆան հայտնել է, որ ամեն շաբաթ դեռևս արձանագրվում է հիվանդացության 15-ից 20 նոր դեպք, սակայն թեստավորման և պատվաստումների ընդլայնման շնորհիվ տարածման տեմպերը սկսում են նվազել։

Նա զգուշացրել է, որ առանց վերապատվաստման բոլորն են գտնվում ռիսկի խմբում։ «Որտեղ էլ որ լինեք, ռիսկը գոյություն ունի, և ձեզ անհրաժեշտ է ընդունել խթանիչ դեղաչափը»,- ընդգծել է դոկտոր Բոֆան։

Նա նաև կոչ է արել բոլոր նրանց, ովքեր ունեն կոկորդի ցավ կամ մաշկային ախտահարումներ, անմիջապես դիմել բժշկական օգնության և անցնել հետազոտություն։