Հետազոտողների միջազգային խումբը պարզել է, որ արդեն ինը տարեկան հասակում երեխաների ուղեղի ակտիվության առանձնահատկությունները կարող են կանխատեսել դեռահասության տարիքում տագնապի կամ ճնշվածության զարգացման վտանգը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ տագնապային խանգարումները հիմնականում կապված են ուղեղի աջ կիսագնդի ակտիվության հետ, մինչդեռ ճնշվածությունը՝ ձախ կիսագնդի։

Biological Psychiatry բժշկագիտական հանդեսում հրապարակված աշխատանքը տևել է յոթ տարի։ Գիտնականները հետևել են երեխաների զարգացմանը՝ վերլուծելով ուղեղի ալիքների և հուզական վիճակի փոփոխությունները։

Հետազոտողներն օգտագործել են էլեկտրաուղեղագրություն, ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային շերտագրություն և մեքենայական ուսուցման մեթոդներ։ էլեկտրաուղեղագրության տվյալները հավաքագրվել են 7, 9 և 11 տարեկան երեխաներից, իսկ 13 տարեկանում մասնագետները գնահատել են մասնակիցների հոգեկան վիճակը և ուղեղի լրացուցիչ սկանավորումներ անցկացրել։

Հեղինակները պարզել են, որ մոտավորապես ինը տարեկան հասակն ուղեղի զարգացման կարևորագույն փուլն է։ Եթե յոթ տարեկանում տագնապին ու ճնշվածությանն առնչվող ազդանշանները դեռևս գործնականում չէին տարբերվում, ապա երկու տարի անց դրանք բաժանվել են տարբեր նեյրոնային հետագծերի։

Գիտնականները հայտնաբերել են ուղեղի ալիքների առանձին օրինաչափություններ, որոնք ընդունակ են կանխատեսել ապագա տագնապն ու ճնշվածությունը։ Ընդ որում, 9-ից մինչև 11 տարեկան հասակում ուղեղի ակտիվության փոփոխություններն ուղղակիորեն կապված են եղել դեռահասության տարիքում ախտանիշների արտահայտվածության հետ։

Հետազոտողների հատուկ ուշադրությունն է գրավել նշագեղձը՝ ուղեղի հուզական կենտրոնը։ Պարզվել է, որ տագնապը ձևավորվում է հիմնականում աջ կիսագնդի շղթաների միջոցով, որոնք կապված են սպառնալիքին արձագանքելու և խուսափելու հետ, մինչդեռ ճնշվածությունը կապված է ձախ կիսագնդի և պարգևատրման համակարգի խաթարման հետ։

Ըստ հետազոտության ղեկավար Պենֆեյ Սյուի՝ արդյունքները հնարավորություն են ստեղծում հոգեկան խանգարումների վաղ հայտնաբերման համար՝ դեռևս նախքան արտահայտված ախտանիշների ի հայտ գալը։ Դա կարող է օգնել կանխարգելիչ մեթոդներ ներդնել, ներառյալ՝ նեյրոհետադարձ կապը կամ ուղեղի ոչ ինվազիվ խթանումը։

Հեղինակները միաժամանակ ստուգել են արդյունքները Healthy Brain Network անկախ տվյալների բազայի վրա և ստացել ուղեղի ակտիվության գրեթե նույնական օրինաչափություններ, ինչը հաստատել է եզրակացությունների հուսալիությունը։

Հետազոտողների համոզմամբ, որ նոր տվյալները կարող են փոխել մոտեցումը դեռահասների հոգեկան առողջության նկատմամբ՝ արդեն իսկ զարգացած խնդիրների բուժումից անցում կատարելով դեպի վաղ կանխարգելում և ռիսկի խմբում գտնվող երեխաների անհատականացված աջակցություն։