Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բարիատրիկ վիրահատությունից հետո քաշի զգալի և տևական անկումը կարող է էականորեն նվազեցնել կանանց շրջանում քաղցկեղի առաջացման և դրանից մահացության ռիսկը։ Գիտնականները նաև պարզել են, որ այս արդյունքի վրա կարող են ազդել ինսուլինի մակարդակը, գենետիկան և մարդու սեռը։

Այս արդյունքները հիմնված են շվեդական «Swedish Obese Subjects» (SOS Study) նախագծի շրջանակներում իրականացված երկու հետազոտությունների վրա, որը բարիատրիկ վիրաբուժության հետևանքների ամենախոշոր և ամենաերկարատև հետազոտություններից մեկն է։ Նախագիծը համակարգվում է Գյոթեբորգի համալսարանի (University of Gothenburg) կողմից և ներառում է գիրություն ունեցող ավելի քան 4 հազար մարդու, որոնց գրեթե կեսը ենթարկվել է քաշի նվազեցման վիրահատության։

Առաջին հետազոտության մեջ, որը հրապարակվել է «PLOS» ամսագրում, գիտնականները վերլուծել են քաղցկեղի երկարաժամկետ հետևանքները՝ հաշվի առնելով սեռային տարբերություններն ու ինսուլինի մակարդակը։ Պարզվել է, որ բարիատրիկ վիրահատություն տարած կանանց շրջանում քաղցկեղի առաջացման և դրանից մահացության ռիսկն ավելի ցածր է եղել՝ համեմատած այն կանանց հետ, ովքեր ստացել են գիրության ստանդարտ բուժում։ Տղամարդկանց մոտ նման հստակ կապ չի հայտնաբերվել։

Ամենաուժեղ արդյունքը նկատվել է կանացի քաղցկեղի տեսակների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի և գինեկոլոգիական ուռուցքների պարագայում։ Ռիսկի նվազեցումն առավել ակնառու է եղել այն կանանց մոտ, ովքեր դեռևս մինչև վիրահատությունը ունեցել են ինսուլինի բարձր մակարդակ։ Սա մատնանշում է, որ ինսուլինը կարող է առանցքային դեր խաղալ գիրության, քաշի կորստի և քաղցկեղի զարգացման միջև եղած կապում։

Երկրորդ հետազոտության մեջ, որը հրապարակվել է «Scientific Reports» ամսագրում, գիտնականներն ուսումնասիրել են, թե արդյոք գենետիկական գործոնը կարող է ազդել բարիատրիկ վիրահատությունից հետո կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցման վրա։ Գիրություն ունեցող կանանց հետևել են ընդհուպ մինչև 33 տարի։

Հետազոտությունը ցույց է տվել, որ FTO գենի տարածված տարբերակն ունեցող կանանց մոտ (որը նախկինում կապվում էր ինչպես գիրության, այնպես էլ կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի հետ) վիրահատությունից հետո նկատվել է հիվանդության ռիսկի ամենակտրուկ անկումը։ Այս խմբում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մոտ 47%-ով ավելի ցածր է եղել՝ գիրության ստանդարտ բուժում ստացածների համեմատ։

Այն կանանց շրջանում, ովքեր հետազոտության սկզբում միաժամանակ ունեցել են թե՛ FTO գենի այդ տարբերակը, թե՛ ինսուլինի բարձր մակարդակ, կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի նվազեցումը հասել է գրեթե 64%-ի։

Հետազոտողների խոսքով՝ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ քաշի նվազեցման պաշտպանիչ ազդեցությունը քաղցկեղի դեմ, ամենայն հավանականությամբ, կապված է միմյանց հետ փոխգործակցող մի քանի կենսաբանական մեխանիզմների, այլ ոչ թե միայն մեկ գործոնի հետ։

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց միջև կան կենսաբանական տարբերություններ, որոնք ազդում են այն բանի վրա, թե քաշի կորստից հետո որքանով է նվազում քաղցկեղի ռիսկը»,- նշել է Կայսա Շյոհոլմը (Kajsa Sjöholm)։ «Այս տարբերությունների ընկալումը կօգնի մոտենալ գիրության և քաղցկեղի միջև եղած կապի մեխանիզմների բացահայտմանը»։

Հետազոտողներն ընդգծում են, որ այս տվյալները հատկապես արդիական են գիրության բուժման համար նախատեսված նոր, բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցների արագ տարածման ֆոնին։ Քաղցկեղի ռիսկի նվազեցման մեխանիզմների ավելի խորը ըմբռնումը կարող է ապագայում օգնել մշակել քաղցկեղի կանխարգելման ավելի անհատականացված ռազմավարություններ՝ հաշվի առնելով սեռը, նյութափոխանակության վիճակը և գենետիկան։